Aller au contenu principal

Լոնդոն


Լոնդոն


Լոնդոն (անգլ.՝ London), Միացյալ Թագավորության և Անգլիայի մայրաքաղաքը։ Միացյալ թագավորության և Եվրամիության խոշորագույն քաղաքն է։ Տեղակայված է Թեմզա գետի ափերին և բնակեցված է եղել գրեթե երկու հազարամյակ առաջ։ Լոնդոնի պատմությունը սկիզբ է առնում Հռոմեական կայսրությունից։ Հռոմեացիները քաղաքին տվել էին Լոնդինիում անունը. Լոնդոնի հնագույն կորիզ հանդիսացող Լոնդոնի Սիթին մինչ օրս պահպանում է իր միջնադարյան սահմանները։ Սկսած 19-րդ դարից` «Լոնդոն» անունը վերաբերում է նաև այս կորիզը շրջապատող բնակավայրերին։ Մեծ Բրիտանիայի վարչական բաժանման համաձայն՝ քաղաքը բաժանվում է Լոնդոնի շրջանի և Մեծ Լոնդոն վարչական շրջանի, որը կառավարում են ընտրված Լոնդոնի քաղաքապետը և Լոնդոնի ժողովը։

Լոնդոնն առաջատար քաղաք է իր արվեստով, առևտրով, կրթությամբ, ժամանցային վայրերով, նորաձևությամբ, ֆինանսներով, առողջապահությամբ, ԶԼՄ-ներով, մասնագիտական ծառայություններով, գիտությամբ, տուրիզմով և տրանսպորտով, որոնք քաղաքը դարձնում են առավել հայտնի։ Այն համարվում է աշխարհի ֆինանսական կենտրոնը՝ Նյու Յորքի հետ միասին և նրա ՀՆԱ-ն ամենամեծն է Եվրոպական քաղաքների մեջ։ Լոնդոնը նաև համարվում է աշխարհի մշակութային մայրաքաղաքը։ Այն աշխարհում ամենաշատ այցելվող քաղաքն է և ունի աշխարհում ամենազբաղված օդանավակայանը։ Լոնդոնի 43 բուհերն ունեն բարձրագույն կրթության ամենամեծ խտությունը Եվրոպայում։ 2012 թվականին Լոնդոնը երրորդ անգամ ընդունեց Ամառային օլիմպիական խաղերը։

Լոնդոնն ունի բազմազան ժողովրդագրություն և մշակույթ, Լոնդոնում խոսում են ավելի քան 300 լեզուներով։ 2011 թվականի մարտին Լոնդոնում պաշտոնապես հաշվվում էր 8.174.100 բնակիչ, ինչի շնորհիվ այն դառնում է Եվրոպական Միության՝ ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքը. քաղաքի բնակչությունը կազմում է Միացյալ Թագավորության բնակչության 12,5%-ը։ Մեծ Լոնդոնը, որի բնակչությունը կազմում է 8,278,251 մարդ, ամենախիտ բնակեցված քաղաքն է Եվրոպական Միությունում, իսկ Լոնդոնի մետրոպոլիայի տարածքը ամենամեծն է ԵՄ-ում ընդհանուր 12 միլիոն բնակչությամբ։ 1831-1925 թվականներին Լոնդոնն ունեցել է աշխարհի քաղաքների մեջ ամենաշատ բնակչությունը։

Լոնդոնում կա Համաշխարհային ժառանգության չորս օբեկտ՝ Թաուերը, Քյուի թագավորական բուսաբանական այգիները, Վեստմինստերյան պալատում գտնվող Վեստմինստերյան աբբայությունը և Սուրբ Մարգարեթ եկեղեցին ու պատմական հուշարձան Գրինվիչը (որտեղ գտնվում է Գրինվիչի աստղադիտարանը)։ Մյուս տեսարժան վայրերն են Բուքինգեմյան պալատը, Լոնդոնի աչքը, Պիկադիլի հրապարակը, Սուրբ Պողոսի Տաճարը, Թաուեր կամուրջը, Թրաֆալգարյան հրապարակը և Ուեմբլի մարզադաշտը։ Լոնդոնում կան նաև մեծ թվով թանգարաններ, պատկերասրահներ, գրադարաններ, սպորտային միջոցառումների վայրեր և մշակութային օջախներ, ներառյալ Բրիտանական թանգարանը, Լոնդոնի ազգային պատկերասրահը, Թեյթ բրիտանական պատկերասրահը, Բրիտանական գրադարանը, Ուիմբիլդոնը և 40 Ուեսթ Էնդ թատրոնները։ Լոնդոնի մետրոպոլիտենն ամենահինն է աշխարհում։

Պատմություն

Անվանում

Լոնդոն անվանման ծագումնաբանությունը բազմակարծիք է։ Այն հնագույն անվանում է և առաջին հիշատակումները գալիս են 2-րդ դարից։ 121 թվականին այն անվանվել է Լոնդինիում (անգլ.՝ Londinium), որը ունի Ռոմանո-Բրիտանական ծագում։ Ամենաառաջին բացատրությունը, որը ներկայումս ժխտվում է, տվել է Գելֆրիդ Մանմուտսկին իր Historia Regum Britanniae աշխատությունում։ Ըստ այս վարկածի, երբ քաղաքին տիրանում է Լուդ թագավորը, այն անվանում է Kaerlud։

Սկսած 1898 թվականից որոշ գիտնականների կողմից ընդունվում էր, որ Լոնդոն բառը եկել է կելտերենից և նշանակում է վայր, որը պատկանում է մարդու Լոնդինիոս անվանմամբ. այս վարկածը հետագայում նույնպես ժխտվեց։ 1998 թվականին անգլիացի լինգվիստ Ռիչարդ Կոտեսը բերեց մի վարկած, ըստ որի անվանումը գալիս է նախակելտական *(p)lowonida բառից, որը նշանակում է 'գետը չափազանց լայն է և ծանծաղուտ, և բացատրում է, որ այս անվանումը տրվել է Թեմզայի այն մասին, որը անցնում է Լոնդոնով, այնուհետև այստեղ հիմնվել է կելտական բնակավայր *Lowonidonjon անվանմամբ, այս վարկածը բավական աղմուկ բարձրացրեց։

Մինչ 1889 թվականը Լոնդոն անվանումը պաշտոնապես օգտագործվել է միայն Լոնդոն սիթիում, բայց հետո նաև օգտագործվեց Լոնդոնյան կոմսություն և այժմյան Մեծ Լոնդոն անվանումներում։

Նախապատմություն

Չնայած կան ապացույցներ, որ Լոնդոնի տարածքում եղել են կելտական բնակավայրեր, հիմնական բնակավայրը կառուցվել է հռոմեացիների կողմից 43 թվականին։ Գրեթե 17 տարի անց՝ մոտ 61 թվականին, Իցենի ցեղը Բոդիկա թագուհու գլխավորությամբ գրավեցին բնակավայրը՝ հողին հավասարեցնելով այն։ Քաղաքը դժվարությամբ ազատագրեց ու վերականգնեցին Կոլչեստերը, և 100 թվականին այն հռչակեց Հռոմեական Բրիտանիայի մայրաքաղաք։ Այն բարգավաճեց 2-րդ դարում և ուներ մոտ 60.000 բնակիչ։ 7-րդ դարում Անգլո-Սաքսոնները կառուցեցին նոր բնակավայր, որն անվանեցին Լյունդենվիկ։ Նոր բնակավայրը գտնվում էր Հռոմեական Լոնդոնից երկու կմ հեռավորության վրա։

Նոր բնակավայրում բարգավաճում էր ձկնորսությունը, առևտուրը, մինչ քաղաքը գրավեցին Վիկինգները, բնակավայրի բնակչությունը տեղափոխվեց հռոմեական Լոնդոն, որտեղ մեծ պարիսպները պետք է պաշտպանեին նրանց։ Վիկինգների հարձակումները շարունակվեցին ուժեղանալ մինչև 886 թվականը, երբ Ալֆրեդ Մեծը ազատագրեց Լոնդոնը և խաղաղություն հաստատեց դանիական առաջնորդ Գուտրումի հետ։ Սաքսոնական Լունդենվիկ քաղաքը վերանվանվեց Ealdwic ("հին քաղաք"), ներկայիս Օլդվիչ, որը գտնվում է ներկայիս Վեստմինստերում։

Վերջին երկու բացահայտումները վկայում են, որ Լոնդոնն ավելի հին է, քան մինչ այդ համարվում էր։ 1999 թվականին Վոկսհոլյան կամուրջի մոտ հայտնաբերվել են Բրոնզե դարում կառուցված կամրջի մնացորդներ։

2010-ին Վոկսհոլյան կամրջի հարավում՝ Թեմզայի ափին, հայտնաբերվել է մ.թ.ա. 4500 թվականի բնակավայրի մնացորդներ։

Միջին դարեր

5-րդ դարում հռոմեական կայսրության փլուզումից հետո Լոնդոնը մասամբ լքվեց։ Սակայն սկսած 6-րդ դարից մի Անգլոսաքսյան բնակավայր հայտնի Լունդենվիկ անվանվանմամբ հիմնվեց ռոմանական Լոնդոնի արևմուտքում, ներկայիս Կովենթ Գարդենի և Ստրանդի վայրում, ունենալով ընդամենը 10-12.000 բնակչություն։ 9-րդ դարում Լոնդոնը բազմակի անգամ հարձակման ենթարկվեց Վիկինգների կողմից, ստիպելով բնակչությանը բնակություն հաստատել հին ռոմանական Լոնդոնի տարածքում, որտեղ կարող էին պատսպարվել պարիսպների տակ։ Երբ Անգլիայի թագավորությունը միավորվեց 10-րդ դարում, Լոնդոնը արդեն երկրի ամենամեծ քաղաքն էր իր հարուստ առևտրային կապերով և հանդիսանում էր քաղաքական կենտրոն։

11-րդ թագավոր Էդվարդ խոստովանողը վերագտավ և վերակառուցեց Վեստմինստերյան աբբայությունը և Վեստմինստերը, որը գտնվում է Լոնդոնից քիչ հեռու, և այն դարձրեց թագավորի նստավայր։ Այս իրադարձությունից հետո Վեստմինստերը համարվում է կառավարության բիզնես կենտրոն։

Հաստնիգսի ճակատամարտում իր հաղթանակից հետո Վիլյամ Նվաճողը թագադրվեց Վեստմինստերյան աբբայությունում 1066 թվականի սուրբ ծննդյան օրը։ Վիլյամը կառուցեց Թաուեր, շատ Նորմանդական ամրոցներ վերակառուցեց քարից, որպեսզի ահազդի հարավարևելյան մասում ապրող բնակչությանը։ 1097 թվականին, Ուիլյամ II-ը սկսեց Վեստմինստերյան դահլիճի կառուցումը աբբայութան մոտ, որը հետագայում հիմք հանդիսացավ նոր Վեստմինստերյան պալատի համար։

12-րդ դարի ընթացքում կենտրոնական կառավարության կազմը, որը մեծապես կենտրոնացված էր թագավորի շուրջը սկսեց կենտրոնանալ մեկ վայրում։ Այս վայրը Վեստմինստեր էր, սակայն երբ գանձարանը տեղափոխվեց Վինչեստեր, մի մասը տեղափոխվեց Տաուեր։ Մինչդեռ Վեստմինստեր Սիթիին վերածվեց կառավարության մայրաքաղաքի, նրա հարևան Լոնդոնը դարձավ Անգլիայի ամենամեծ քաղաքը և առևտրային կենտրոնը իր սեփական կառավարման մարմիններով։ 1100 թվականին Լոնդոնի բնակչությունը 18.000 էր, իսկ 1300 թվականին այն դարձավ 100.000։

Ժանտախտի տարիներին 14-րդ դարի կեսերին Լոնդոնի բնակչության երրորդ մասը մահացավ։ Լոնդոնը 1381 թ.-ին գտնվում էր Ուտ Թեյլորի ապստամբության կենտրոնում։

Վաղ ժամանակակից

Թյուդորների ժամանակաշրջանի ընթացքում բարեփոխումները վերափոխում էին կրոնը դեպի բողոքականություն, Լոնդոնում եկեղեցու սեփականությունը աստիճանաբար սկսեց պատկանել մասնավորին։ Բրդյա հագուստների նյութերը ներմուծվում էին Լոնդոն պատմական Նիդերլանդների տարածքից, որոնք քաղաքում վերամշակվում և ուղարկվում էին երկրի մյուս հատվածներ։ Անգլիական տեխնոլոգիաները դեռ չէին կիրառվում Եվրոպայի հյուսիս արևմտյան մասում։ Առևտրային ուղիները դեպի Իտալիա և Միջերկրական ծով անցնում էին Անդվերպենով և Ալպերի վրայով, ծովային ճանապարհը, որը անցնում էր Ջիբրալթարի նեղուցով կարող էին անցնել միայն իտալական նավերը։ Անգլիացի նավագնացների կողմից Նիդերլանդների վերաբացումից հետ 1565 թվականից սկսվեց մեծ առևտրային հարաբերություններ։ Մերկանտիլիզմը աճեց մոնոպոլիսատկան ձեռնարկությունների ինչպիսիք են Արևմտահնդկական ընկերությունը, որը իրականացնում էր Նոր աշխարհի հետ առևտուրը։ Լոնդոնը դարձավ Հյուսիսային ծովի գլխավոր նավահանգիստը, այստեղ սկսեցին գաղթել Անգլիայից և արտասահմանից Բնակչությունը աճեց 1530 թվականի 50.000-ի փոխարեն 1605 թվականին դարձավ 225.000։

16-րդ դարում Ուիլյամ Շաքսպիրը և նրա ժամանակակիցները ապրեցին և ստեղծագործեցին Լոնդոնում, այս ժամանակ մեծ վերելք ապրեց թատրոնը։ Լյուդորների ժամանակաշրջանի վերջում՝ 1603 թվականին, Լոնդոնի տարածքը դեռևս փոքր էր։ 1605 թվականի նոյեմբերի 5-ին Վառոդների սադրանքից հետո Ջեյմս I-ի վրա կատարվեց մահափորց Վսետմենստերում։ 17-րդ դարում Լոնդոնի բնակչության մեծ մասը վարակվեց Ժանտախտով, արդյունքում մահացավ 100.000 մարդ, կամ քաղաքի բնակչության հինգերորդ մասը։

Լոնդոնի մեծ հրդեհը բռնկվեց 1666 թվականին և արագ տարածվեց քաղաքի փայտե տներով։ Վերակառուցում տևեց ավելի քան տաս տարի, արը ղեակավարեց Ռոբերտ Հուկը, ով քաղաքի գլխավոր տեսուչն էր։ 1708 թ.-ին ավարտվեց Կրիստոֆեր Ռենի գլուխ գործոցը համարվող Սուրբ Պողոսի տաճարի շինարարությունը։ Գերորգյան ժամանակաշրջանի ընթացքում արևմուտքում կառուցվեցին նոր թաղամասեր ինչպեսին են Մայֆայրը, կառուցվեցին նոր կամուրջներ Թեմզային երկայնքով։

1762 թվականին Գեորգ III-ը սկսեց Բուքինգեմյան պալատի շինարարությունը, որը ընդարձակվեց հաջորդ 75 տարիների ընթացքում։ 18-րդ դարի ընթացում աճեցին հանցագործությունները և 1750 թվականին ստեղծվեց առաջին մասնագիտացված ոստիկանությունը։ Արդյունքում ավելի քան 200 հանցագործ մահապատժի ենթարկվեցին։ Երեխաների 74 տոկոսը մահանում էին մինչև 5 տարին լրանալը։ Սրճարանները դարձան քննարկումների ամենահայտնի վայրերը, մամուլի աճի հետ աճեց թերթերի քանակը, Ֆլիտ Սթրիթը դարձավ Բրիտանական մամուլի կենտրոն։

Ուշ ժամանակակից

Լոնդոնը ամենամեծ քաղաքն էր 1831 թվականից 1925 թվականներին։ Լոնդոնի գերբնակեցված վիճակը բերեց խոլերա համաճարակի, խլելով 14.000 մարդու կյանք 1848 թվականին և 6000 կյանք՝ 1866 թվականին, Բնակչության աճը ստիպեց կառուցել աշխարհում առաջին քաղաքային տրասպորտը։ Լոնդոնը ռմբակոծվեց առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, քաղաքը մեծ ավերածությունների ենթարկվեց նաև երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, այդ ժամանակ Լյուֆտվաֆեի ռմբակոծություններից մահացան մոտ 30.000 Լոնդոնցի։ Անմիջապես պատերազմից հետո 1948 թվականին Լոնդոնում կազմակերպվեց Ամառային օլիմպիական խաղեր, որի բացումը տեղի ունեցավ Ուեմբլի մարզադաշտում։

1951 թվականին Սաութբանկում տեղի ունեցավ Բրիտանական փառատոնը։ 1952 թվականի Մեծ ծուխը ստիպեց 1956 թվականին ընդունել օրենք մաքուր օդի մասին, արդյունքում զգալիորեն վերացավ քաղաքի ծուխը, որը վատ համբավ էր բերում քաղաքին։ 1940-ական թվականներին Լոնդոնը դարձավ բազմաթիվ ներգաղթյալների տուն, հիմնականում թագավորության տարածքներից ինչպիսիք են Ճամայկան, Հնդկաստանը, Բանգլադեշը և Պակիստանը, դարձնելով Լոնդոնը ամենադիվերսիֆիկացված քաղաքը Եվրոպայում։

1690-ական թվականների կեսերից Լոնդոնը դարձավ երիտասարդական մշակույթի կենտրոն։ Նորաձևության դերը վերականգնվեց Ֆանկ ժամանակաշրջանում։ 1965-ին Լոնդոնի քաղաքական դաշտը ընդարձակեց իր սահմանները և ստեղծվեց Մեծ Լոնդոնի խորհուրդը։ Հյուսիսային Իռլանդիայի խռովությունների ժամանակ Լոնդոնը ռմբակոծության ենթարկվեց։ Ռասիստական անհավասարությունը 1981 թվականին չեղյալ հայտարարվեց Բրիքստոնի ապստամբությունից հետո։ Մեծ Լոնդոնի բնակչությունը Երկրորդ համաշխարհայինից հետո սկսեց նվազել, 1939 թվականին քաղաքի բնակչությունը 8,6 միլիոն էր, իսկ 1980 ական թվականներին այն նվազեց մինչև 6,8 միլիոնի։ Լոնդոնի հիմնական նավահանգիստները դարձան Ֆելիքստոուն և Թիբուրին։ Այն մեծ դեր խաղաց լոնդոնի ֆինանսական կենտրոն դառնալուն 1980-ական թվականներին։

Թեմզայի պատնեշի շինարարությունները ավարտվեցին 1980-ական թվականներին, այն կոչված էր պաշտպանելու քաղաքը ջրհեղեղներից։ Մեծ Լոնդոնի խորհորդը լուծարվեց 1986 թվականին, մինչև 2000 թվականը Լոնդոնը միակ մեծ քաղաքն էր առանց կառավարության, բայց դրանից հետո կազմավորվեց նոր կառավարության ավելի լայն լիազորություններով։ 21-րդ դարի սկիզբը տոնելու համար կառուցվեցին Միլենիում Դոմը, Լոնդոնի աչքը և Միլենիում կամուրջը։ 2012 թվականին Լոնդոնը ընդունեց ամառային օլիմպիական խաղերը դարձնելով միակ քաղաքը, որը ընդունել է օլիմպիական խաղերը 3 անգամ։

Կառավարություն

Տեղական կառավարություն

Լոնդոնի կառավարությունը բաժանված է երկու ճյուղի, ռազմավարական ճյուղ և տեղական ճյուղ։ Ռազմավարական կառավարությունը հսկում է Մեծ Լոնդոնի կառավարումը, իսկ տեղական կառավարությունը հսկում է 33 վարչական համայնքների կառավարումը։ Ռազմավարական կառավարությունը բաժանվում է երկու մասի, Լոնդոնի քաղապետը և Լոնդոնի ժողովը, ով հաստատում է քաղաքի բյուջեն ամեն տարի։. Ռազմավարական կառավարության կենտրոնը Սիթի Հոլն է, որը գտնվում է Սաութվորքում, քաղաքապետն է Սադիկ Խանը։ Քաղաքապետը հաստատում է քաղաքի ռազմավարական պլանը, որը վերջին անգամ վերանայվել է 2011-ին։ Ժողովը կազմված է 32 տեղական համայնքների անդամներից և Լոնդոն Սիթի կորպորացիայի անդամներից։ Նրանք պատասխանատու են տեղական ծառայությունների համար, ինչպիսիք են աղբահանությունը, դպրոցները, սոցիալական ծառայությունները, Ճանապարհաշինությունը և այլն։ Այնպիսի գործառնությունների ինչպիսիք են թափոնների կառավարումը ժողովը վերահսկում է համատեղ տեղական կառավարման մարմինների հետ։ 2009-2010 թվականներին Լոնդոնի կառավարության ընդհանուր ծախսերը կազմել են 22 միլիոն ֆունտ։

Հսկողությունը Մեծ լոնդոնում բացի Լոնդոն քաղաքից իրականացնում են Մետրոպոլի ոստիկանական ուժերը, որոնց ղեկավարում է քաղաքապետի ենթակայության տակ գտնվող (MOPAC) մարմինը։ Լոնդոն Սիթին ունի իր սեփական ոստիկանությունը, որը կոչվում է Լոնդոնի ոստիկանություն։ Բրիտանական տրանսպորտային ոստիկանությունը հսկում է քաղաքի երկաթուղային տրանսպորտը և մետրոպոլիտենը։

Լոնդոնի հրշեջ ջոկատը Մեծ Լոնդոնի հրշեջ ծառայությունն է։ Այն համարվում է երրորդ ամենամեծ հրշեջ ջոկատը աշխարհում։ Շտապօգնության ծառայությունը իրականացվում է Լոնդոնի շտապօգնության բրիգադի կողմից, որը աշխարհում ամենամեծն է։

Ազգային կառավարություն

Լոնդոնը Մեծ Բրիտանիայի կառավարության նստավայրն է, որը գտնվում է Վեստմինստերի պալատի մոտ։ Շատ կառավարական դեպարտամենտներ գտնվում են Խորհրդարանի մոտ, Վայթհոլլի երկայնքով, ներառյալ վարչապետի նստավայրը, որը գտնվում է Դաունինգ սթրիթ 10 հասցեում։

Աշխարհագրություն

Կառուցվածք

Լոնդոնի տարածքը մտնում է Մեծ Լոնդոն վարչատարածքային միավորի մեջ։ Հնագույն Լոնդոն Սիթին ժամանակին ընդգրկում էր ամբողջ բնակավայրը, սակայն բնակչության աճի հետ միավորվեցին նաև մերձքաղաքյա բնակավայրերը և ստեղծվեց ներկայիս Լոնդոնը։ Մեծ Լոնդոնի 40 տոկոսը ծածկում է Լոնդոնի փոստային տարածքը, սակայն մնացած մասը փոստային հասցեներում օգտագործում է ԼՈՆԴՈՆ անվանումը։

Լոնդոնի հեռախոսային տարածաշրջանի կոդը (020) ծածկում է մեծ տարածք Մեծ Լոնդոնի կազմում, չնայած որոշ շրջաններ միացված չեն հեռախոսային գոտուն։

Արտաքին հատվածի բնակչության աճը այժմ կանխվում է Մետրոպոլիտենի կանաչ գոտով, սակայն արտաքին հատվածում բնակելի տարածքի ընդլայնումը մոտենում է Մեծ Լոնդոնի սահմաններին։ Մեծ Լոնդոնը բաժանվում է ներքին Լոնդոնի և արտաքին Լոնդոնի։ Քաղաքը Թեմզա գետով բաժանվում է Հյուսիսային և Հարավային մասերի, որի կենտրոնում գտնվում է Կենտրոնական Լոնդոնը։

Կարգավիճակ

Լոնդոնի հետ միասին Լոնդոն Սիթին և Վեսմինստեր Սիթին ունեն քաղաքւ կարգավիճակ,ինչպես նաև Լոնդոն Սիթին և Մեծ Լոնդոնը ունեն ավանդական երկրի կարգավիճակ։ Մեծ Լոնդոնի տարածքում նախկինում եղել են մի քանի պատմական երկրներ, ինչպիսիք են Միդլսեկսը, Քենթը, Սարեյը և Հերթֆորդշայրը։ Անգլիայի մայրաքաղաք, հետագայում նաև Մեծ Բրիտանիայի պաշտոնապես հայտարարաման որևէ փաստաթուղթ չի ստեղծվել:

Իր կարգավիճակը ստացել է սահմանադրական կոնվենցիայով, դարձնելով իր կարգավիճակը որպես դե ֆակտո մայրաքաղաք։ 12-րդ և 13-րդ դարերում Վեստմինստերյան պալատի զարգացման հետ, Անգլիայի մայրաքաղաքը տեղափոխվեց Վինչեստեր։ Շատ հաճախ Մեծ Լոնդոնը համարվում է Անգլիայի շրջան։

Տեղագրություն

Մեծ Լոնդոնի ընդհանուր մակերեսը կազմում է 1583 կմ քառակուսի, որում ապրում է 7.172.036 մարդ 2001 թվականի դրությամբ և խտությունը կազմում 4542 մարդ քառակուսի կիլոմետր։ Լոնդոնի մետրոպոլիտենի մակերեսը կազմում է 8383 կմ կառակուսի, ապրում է 13.709.000 մարդ և խտությունը կազմում է 1510 մարդ քառակուսի կմ։ Ժամանակակից Լոնդոնը գտնվում է Թեմզա գետի ավազանում, որը նավարկելի գետ է և անցնում է քաղաքի հարավ արևմուտքից դեպի արևելք։ Թեմզայի գետահովտում են գտնվումՊառլամենտի շենքը, Էդինգթոն հիլսը և Փրայմռոզ հիլը։ Թեմզան ժամանակին ավելի ընդարձակ էր իր մեծ ճահճային գոտիներով, մակընթացության ժամանակ նրա լայնությունը հինգ անգամ գերազանցում էր ներկայիս լայնությանը։

Վիկտորիայի ժամանակաշրջանից թեմզայի հունը նեղացվել է, իսկ շատ վտակներ ներկայումս անցնում են գետնի տակով։ Թեմզան մակընթաց գետ է և Լոնդոնում ջրհեղեղը հավանական է։ Այս վտանգից խուսափելու համար 1974 թվականին սկսվեց Թեմզայի պատնեշի շինարարությունը։ Պատնեշը կոչված է պաշտպանել քաղաքը մինչև 2070 թվականը, իսկ հետագա պաշտպանության հարցը դեռևս քննարկվում է։

Կլիմա

Լոնդոնը ունի հանգիստ օվկիանոսային կլիմա (Կյոպպեն. Cfb ), ինչպես Հարավային Բրիտանիայի բոլոր քաղաքներում։ Չնայած Լոնդոնը ունի անձրևային քաղաքի վարկանիշ, սակայն այն տեղումների քանակով զիջում է (տարեկան 601մմ) Հռոմին, Բորդոյին, Թուլուզին, Նեապոլին, Սիդնեյին և Նյու Յորքին։ Ջերմաստիճանի առավելագույնը եղել է 2003 թվականի օգոստոսին 38.1 °C, իսկ նվազագույնը -16.1 °C 1962 թվականի հունվարին։

Ամառները հիմնականում տաք են, երբեմն շոգ։ Միջինում տարվա մեջ 31 օր Լոնդոնում ջերմաստիճանը բարձր է25 °C-ից և 4,2 օր` 30.0 °C-ից։

Ձմեռները հիմնականում զով ու խոնավ են, ջերմաստիճանի փոքր տատանումներով։ Ձյուն գալիս է հազվադեպ` իր հետ բերելով ճանապարհատրանսպորտային բարդություններ։ Գարունը և աշունը համարյա չեն տարբերվում ջերմաստիճանով։ Որպես մեծ քաղաք` Լոնդոնի տարբեր մասերի ջերմաստիճանները կարող են մեծ տարբերություն ունենալ։

Շրջաններ

Լոնդոնի հսկայական տարածքը հաճախ բաժանում են շրջանների, ինչպիսիք են Բլումսբերին, Մեյֆերը, Ուեմբլին և Վայթչապելը։ Դրանք ոչ պաշտոնական տարածքներ են, որոնք ժամանակին եղել են գյուղեր կամ նախկին թաղամասեր։

Այս անվանումները օգտագործվում են ավանդույթի համաձայն։ 1965 թվականից Մեծ Լոնդոնը բաժանվեց 32 բորոների։ Լոնդոն Սիթին համարվում է հիմնական ֆինանսական շրջանը։

Լոնդոնի արևմտյան մասը համարվում է շոպինգի շրջան, որը գրավում է զբոսաշրջիկներին։ Արևմտյան Լոնդոնը համարվում է թանկարժեք շրջան, որտեղ անշարժ գույքը կարող է վաճառվել տասնյակ միլիոն ֆունտով։ Կենգսինգտոնի և Չելսիի բորոյում բնակարանի միջին գինը անցնում է 2 միլիոն ֆունտը, ինչը ավելի թանկ է քան կենտրոնական Լոնդոնում։

Լոնդոնի արևելյան ծայրամասում, որը ավելի մոտ է Լոնդոնի նավահանգստին, ապրում են մեծ թվով ներգաղթյալներ և համարվում է Լոնդոնի ամենաաղքատ շրջաններից մեկը։ Արևելյան Լոնդոնում ժամանակին կային մեծ քանակության արդյունաբերական հիմնարկներ, սակայն վերջին ժամանակներում այստեղ կառուցվեցին օլիմպիական և պարալիմպիական շինություններ։

Ճարտարապետություն

Լոնդոնի շինությունները շատ տարբեր են, որպեսզի այն բնութագրվի որևէ եզակի ճարտարապետական ոճի, մասամբ այն պատճառով, որ նրանք կառուցվել են տարբեր դարերում։ Շատ տներ և հասարակական շինություններ ինչպիսիք են Լոնդոնի ազգային պատկերասրահը, կառուցվել են Պորտլանդի ապարից։ Քաղաքի որոշ շրջաններում, հատկապես կենտրոնական մասի արևմուտքում շինությունները սպիտակ ստուկկոյից են։ Կենտրոնական Լոնդոնում քիչ թվով շինություններ են մնացել, որոնք կառուցված են եղել 1666 թվականի Լոնդոնի մեծ հրդեհից առաջ, դրանց մեջ մտնում են հռոմեական մնացորդներ, Թաուերը և մի քանի Թյուդորյան ժամանակաշրջանի շինություն։ Թյուդորյան ժամանակաշրջանի օրինակ է Հեմպթոն թագավորական պալատը, որը Անգլիայում ամենահին թյուդորյան պալատն է կառուցված կարդինալ Թոմաս Վոլսիիի կողմից 1515 թվականին 1515։

Քրիստոֆեր Վրենի կողմից 17-րդ դարի վերջի կառուցված եկեղացիները և 18-րդ և 19-րդ դարերի ֆինանսական հաստատությունները ինչպիսիք են Թագավորական բորսան և Անգլիական բանկը, 20-րդ դարի Օլդ Բեյլին և 1960-ականների Բարբիկան Էսթեյթը համարվում են ճարտարապետական ժառանգություն։

Լքված, բայց շուտով վերանորոգված Բաթերսի էներգիակայանը գտնվում է գետի հարավ արևմուտքում, այստեղ կան նաև մի քանի երկաթգծի կայարաններ, որոնք Վիկտրոիական ժամանակաշրջանի ճարտարապետության նմուշներ են, դրացից ամենահայտնիներն են սրբ Պանկրաս և Պադդինգթոն երկաթգի կայարանները։ Լոնդոնի ծարաբեռնվածությունը տարբեր է, կենտրոնը ծանրաբեռնված է շատ աշխատատեղերի առկայության պատճառով։ Ներքին Լոնդոնը շատ ավելի ծանրաբեռնված է քան արտաքին Լոնդոնը։

Լոնդոն Սիթիում տեղակայված Մոնումենտ կառուցվել է ի հիշատակ Լոնդոնի մեծ հրդեհի, ինչը տեղի է ունեցել նրա մոտակայքում։ Մարմարե կամարը և Վելիգթոնի կամարը գտնվում են, Պարկ Լեյնի համապատասխանաբար հյուսիսային և հարավային ծայրերում և ունեն թագավորական կապեր։ Նելսոնի սյունը, որը գտնվում է Տրաֆալգարյան հրապարակ, համարվում է ազգային հուշարձան և Կենտրոնական Լոնդոնի ամնեահայտնի տեսարժան վայրերից մեկը։ Հին շինությունները հիմնականում կառուցված են աղյուսով, շատ հաճախ Լոնդոնի դեղին աղյուսից կամ մուգ նարնջագույն աղյուսից։

Խիտ տարածքներում շատ են միջին և բարձրահարկ շինությունները։ Լոնդոնի երկնաքերերից են Մերի Էքս երկնաքերը, Թուեր 42-ը, Բրոդգեյթ Թաուերը և One Canada Square-ը, որոնք հիմնականում գտնվում են երկու ֆինանսական թաղամասերում` Լոնդոն Սիթիում և Քեների Ուարֆում։ Բարձրահարկ շինությունների շինարարությունը քաղաքի որոշ մասերում սահմանափակված է, եթե դրանք կփակեն Սուրբ Պողոսի Տաճարի և այլ պատմական շինությունների տեսարանները։ Այնուամենայնիվ Լոնդոնի կենտրոնում կան մեծ թվով երկնաքերեր, ներառյալ Shard London Bridge-ը, որը Եվրամիության ամենաբարձր շինությունն է։

Մյուս նշանակալի ժամանակակից շինություններից է Սիթի Հոլը Սաութվարքում, իր օվալային կառուցվածքով, և Բրիտանական գրադարանը Սոմերս Թաուն/Քինգ Քրոսում։



Բնություն

Լոնդոնը համարվում է աշխարհի ամենականաչ քաղաքներից մեկը ավելի քան 40 տոկոս կանաչ գոտիով կամ բաց ջրերով։ Թեմզայի ավազանում աճում են մոտ 2000 տեսակի ծաղկաբույս, իսկ գետում բազմանում է 120 տեսակի ձուկ։ Կենտրոնական Լոնդոնում հաշվվում են մոտ 60 տեսակի թռչուններ, 47 տեսակի թիթեռ, իսկ Լոնդոնի շրջակայքում 1173 տեսակի ցեցեր և ավելի քան 270 տեսակի սարդեր։ Լոնդոնի զբոսայգիներիում բնակվում են մեծ քանակությամբ ջրային թռչուններ։ Լոնդոնում կան 38 հատուկ գիտական նշանակության վայրեր, երկու ազգային բնական արգելանոցներ և 76 տեղային բնական արգելանոցներ։

Երկկենցաղները մեծ թիվ են կազմում մայրաքաղաքում, ներառյալ հասարակ տրիտոնը, որը ապրում է Ժամանակակաից Թեյթի տարածքում, բացի այդ գորտերը, դոդոշները և տրիտոնների մի քանի տեսակներ։ Միևնույն ժամանակ տեղաբնիկ որոշ սողուններ, ինչպիսիք են իլիկաօձը, երկար մողեսը, սովորական լորտուն և սովորական իժը, հանդիպում են հիմնականում արտաքին Լոնդոնում։

Բացի այդ Լոնդոնում են բնակվում մոտ 10.000 աղվես, ամեն քառակուսի կիլոմետրին բաժին է ընկնում 8 աղվես։ Այս քաղաքային աղվեսները ավելի մուգ են, քան նրանց մյուս ցեղակիցները, ինչը բացատրվում է քաղաքային մուգ գույներով։ Աղվեսները անգամ սողոսկում են Խորհրդարանի շենք, որտեղ գտնում են նրանց քնած վիճակում գրասենյակներում։ Մեկ այլ աղվես ներխուժել է Բուքինգհեմյան պալատ սպանել Եղիսաբեթ II-ի վարդագույն ֆլամինգոներից մի քանիսին։ Հիմնականում աղվեսները և քաղաքի բնակչությունը իրար հետ հարմարվում են։ 2001 թվականին կատարված ուսումնասիրությունների արդյունքում, 3.779 հարցվածներից 80 տոկոսին դուր են գալիս աղվեսները։

Լոնդոնի մյուս կենդանիներից են ոզնին, առնետը, մուկը, ճագարը, գետնափորը և սկյուռը։ Արտաքին Լոնդոնի վայրի տարածքներում ինչպիսին է Էփփինգ անտառը, հանդիպում են բազմաթպիսի այլ կենդանիներ, ներառյալ նապաստակը, փորսողը, դաշտամուկը, դեղին մուկը և այլն ի լրումն աղվեսի և սկյուռի։

Լոնդոնում հանդիպած ամենատարօրինակ կենդանին եղել է մահացած կետը, որին տեսել են Թեմզայում, իսկ ԲիԲիՍի ընկերության կողմից Լոնդոնի մասին նկարահանված վավերագրական ֆիլմում ներկայացված է` ինչպես են աղավնիները օգտագործում Լոնդոնի ստորգետնյա ուղիները, և ինչպես են աղվեսները ենթարկվում նստել հրամանին երշիկի դիմաց։

Կարմիր և մոխրագույն եղջերուների հոտերը ազատ տեղաշարժվում են հիմնականում Ռիչմոնդ և Բուշի այգիներով։ Նրանց հիմնականում պատվաստում են նոյեմբերից փետրվար ժամանակահատվածում, որպեսզի նրանց քանակը չնվազի։

Ժողովրդագրություն

2011 թվականի մարդահամարը ցույց տվեց, որ 2.998.264 մարդ կամ Լոնդոնի բնակչության 36,7%-ը ծնվել են այլ երկրում, ինչը Լոնդոնը դարձնում է ներգաղթյալների քանակով երկրորդ քաղաքը աշխարհում` հետ մնալով միայն Նյու Յորքից։ Աջ կողմի աղյուսակը ցույց է տալի այն երկրների, որտեղից առանձնապես շատ են ներգաղթյալները։ Արդյունաբերության աճի հետ Լոնդոնի բնակչությունը արագ տեմպերով աճեց 19-րդ և 20-րդ դարերում և մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը Լոնդոնը բնակչության թվով ամենամեծն էր աշխարհում:։ 1939 թվականին Լոնդոնի բնակչությունը կազմում էր 8.615.245 մարդ, սակայն 2001 թվականի մարդահամարով այն նվազել էր մինչև 7.192.091 բնակչի։ Այնուամենայնիվ 2001-ից 2011 թվականներին Լոնդոնի բնակչությունը աճեց մեկ միլիոնով և կազմեց 8.173.941:

Այնուամենայնիվ Լոնդոնն իր արվարձաններով ունի 12-14 միլիոն բնակիչ։ Համաձայն Eurostat-ի, Լոնդոնը բնակչության թվով ամենամեծն է Եվրամիությունում և երկորդը Եվրոպայում (կամ երրորդը, եթե հաշվի առնվի Ստամբուլը)։ 1991-2001 թվականների ընթացքում Լոնդոն են ներգաղթել 726.000 մարդ։

Տարածաշրջանի մակերեսն է 1579 քառակուսի կիլոմետր։ Բնակչության խտությունը կազմում է 5177 մարդ/կմ², տասն անգամ ավելի շատ քան Բրիտանիայի այլ տարածաշրջանում։ Ըստ բնակչության քանակի՝ Լոնդոնը 19-րդն քաղաքն է աշխարհում և 18-րդ մետրոպոլիտենը։ 2014 թվականի դրությամբ Լոնդոնը ուներ թվով ամենաշատ միլիարդատերը աշխարհի քաղաքների մեջ (քաղաքում ապրում է 72 միլիարդատեր)։ Լոնդոնը համարվում է աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկը Տոկիոյի և Մոսկվայի հետ միասին։

Էթնիկ խմբեր

Համաձայն ազգային վիճակագրական գրասենյակի տվյալների, որոնք հիմնված են 2011 թվականի մարդահամարի վրա, Լոնդոնի բնակչության 59,8 տոկոսը սպիտակամորթ է։

Լոնդոնցիների 20,9 տոկոսը ասիացիներ կամ խառնածին ասիացիներ են։ 19,7 տոկոսը ամբողջությամբ ասիացիներ են։ Հնդիկները կազմում են բնակչության 6,6 տոկոսը, իսկ պակիստանցիները և բանգլադեշցիները՝ յուրաքանչյուրը 2,7 տոկոս։ Չինացիները կազմում են բնակչության 1,5 տոկոսը, իսկ արաբները՝ 1,3 տոկոստը։ Մյուս 4,9 տոկոսը այլ ասիացիներ են։

Լոնդոնի բնակչության 15,6 տոկոսը սևամորթ կամ խառնածին սևամորթ է։ 13,3 տոկոսը ամբողջությամբ սևամորթ է։ Աֆրիկացիները կազմում են բնակչության 7 տոկոսը, 4,2 տոկոսը աֆրիկյան-կարիբյան ծագում ունի, իսկ 4,2 տոկոսը այլ ծագում ունի։ 5 տոկոսը խառնածին է։

Լոնդոնի շրջակայում դպրոցներում սևամորթ և ասիացի երեխաների հարաբերությունը սպիտակամորթ երեխաներին կազմում է մոտ երեքը երկուսի։ Համաձայն նույն 2011 մարդահամարի, Լոնդոնի 1,624,768 լոնդոնցի 0-ից 15 տարեկան է, որից 46,4 տոկոսը սպիտակամորթ, 19,8 տոկոսը ասիացի, 19 տոկոսը սևամորթ, 10,8 տոկոսը խառնածին և 4 տոկոսը այլ էթնիկ խմբի էր պատկանում։ 2005 թվականի հունվարին կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Լոնդոնում խոսում են մոտ 300 լեզվով և մոտ 50 ազգեր կան, որոնք ունեն 10.000-ից պակաս բնակչություն։ Ազգային վիճակագրական գրասենյակը պարզել է, որ 2010 թվականի դրությամբ օտարածին բնակչությունը կազմում է 2.650.000 (33 տոկոս), մինչդեռ 1997 թվականին այդ թիվը կազմում էր 1.630.000:

2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ Մեծ Լոնդոնի բնակչության 36.7 տոկոսը ծնվել է Բրիտանիայից դուրս։ Մարդահամարի տվյալներով՝ Լոնդոնում ապրող օտարածին բնակչության մեծ մասը 2010 թվականի դրությամբ Հնդկաստանից, Լեհաստանից, Իռլանդիայից, Բանգլադեշից և Նիգերիայից էր։

Կրոն

Համաձայն 2011 թվականի մարդահամարի Լոնդոնի մբակչության մեծ մասը քրիստոնյա է (48,4 տոկոս), նրանցից հետո առանց կրոնի (20,7 տոկոս), մուսուլմաններ (12,4 տոկոս), չեն պատասխանել (8,5 տոկոս), հինդուներ (5,0 տոկոս), Հուդայական (1,8 per cent), Սիքեր (1,5 տոկոս), Բուդդիստներ (1,0 տոկոս) և այլ (0,6 տոկոս)։

Լոնդոնը ավանդաբար եղել է քրիստոնյա և ունի մեծ թվով ելեղեցիներ, հատկապես Լոնդոն Սիթիում։ Հայտնի են Սուրբ Պողոսի Տաճարը Սիթիում և Սաութվարք տաճարը գետի հարավում։

Ազգային և թագավորական հիմնական հանդիսությունները տեղի են ունենում Սուրբ Պողոսի Տաճարում և Ուեստմինստերյան աբբայությունում։ Աբբայության մոտակայքում է գտնվում է Վեստմինստերյան տաճարի մոտ, որը ամենամեծ կաթոլիկ տաճարն է Անգլիայում և Ուելսում։

Լոնդոնում նաև ապրում են մեծ թվով այլ դավանության համայնքներ։ Նշանակալի մզկիթներից է Արևելյան Լոնդոնի մզկիթը, Լոնդոնի կենտրոնական մզկիթ Ռեգենթի այգում և Բայթուլ Ֆութուհ մզկիթը։ Նավթային բումից հետո մեծ քանակությամբ հինդուներ և մերձավոր արևելքի մուսուլմաններ բնակություն հաստատեցին Մայֆեյրի և Նայթբրիջի մոտակայքում։ Մեծ թվով մուսուլմաններ են ապրում արևելյան բորոներում։ Մեծ թվով հինդուներ ապրում են քաղաքի հյուսիս արևմտյան հատվածում։ Լոնդոնում կան նաև 42 հինդուական տեմպլներ։ Կան սիք համայնքներ Լոնդոնի արևելքում և արևմուտքում, հատկապես Սաութհոլում, որը ամենամեծ սիք համայնքն է Հնդկաստանի սահմաններից դուրս։

Լոնդոնի հրեաների մեծամասնությունը ապրում է հյուսիսային Լոնդոնում։ Բևիս Մարկս սինագոգը գտնվում է Լոնդոն սիթիում և սպասարկում է Լոնդոնի պատմական Սեպարդիկ հրեական համայնքին։ Այն միակ սինագոգն է Եվրոպայում, որը գործել է վերջին 300 տարիներին։

Տնտեսություն

Լոնդոնի ՀՆԱ-ն կազմում է Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ի 20 տոկոսը (կամ $446 միլիարդ 2005 թվականին), իսկ Լոնդոնի մետրոպոլ տարածքի ՀՆԱ-ն կազմում է Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ի 30 տոկոսը (կամ $669 միլիարդ 2005 թվականին)։ Լոնդոնը աշխարհի կարևորագույն ֆինանսական կենտրոններից մեկն է։ 2015 թվականի դրությամբ Լոնդոնը գլխավորում է գլոբալ ֆինանսական կենտրոնների ինդեքսը։

Լոնդոնի տնտեսության մեծագույն ճյուղը համարվում է ֆինանսները և այն հանդիսանում է Մեծ բրիտանիայի վճարումների բալանսի հիմնական սպասարկողը։ Լոնդոնի ֆինանսական ծառայությունների բնագավառում մինչև 2007 թվականի կեսերը աշխատում էին մոտ 350.000 ֆինանսիստ։ Լոնդոնը ունի ավելի քան 480 անդրծովյան բանկեր, ավելի քան այլ քաղաք աշխարհում։ Լոնդոնի աշխատուժի 85 տոկոսը (3.2 միլիոն մարդ) աշխատում է ծառայությունների բնագավառում։ Քանի որ Լոնդոնը մեծ դեր է խաղում համաշխարհային տնտեսության մեջ, նրա տնտեսությանը նույնպես հարվածեց 2000-ականների վերջի ֆինանսական ճգնաժամը։ Այնուամենայնիվ 2010 թվականի դրությամբ քաղաքի տնտեսությունը վերականգնվեց, ստեղծվեցին պահուստային ֆոնդեր և վերահաստատվեց Լոնդոնի տնտեսական գերակայությունը։ Լոնդոնի Սիթիում են գտնվում Անգլիայի բանկը, Լոնդոնի ֆոնդային բորսան և Lloyd's of London անշարժ գույքի շուկան։

Մեծ Բրիտանիայի 100 խոշորագույն ընկերությունների կեսի (FTSE 100) և Եվրոպայի 500 խոշորագույն ընկերություններից 100-ի գլխավոր գրասենյակները գտնվում են Լոնդոնում։ FTSE 100-ի 70 տոկոսը մտնում են Լոնդոնի մետրոպոլ տարածքի մեջ և Fortune 500-ի 75 տոկոսը ունեն գրասենյակ Լոնդոնում։

Մեդիա ոլորտը մասնագիտական ծառայությունների բնագավառում երկրորդն է իր մրցունակությամբ։ BBC-ն նշանակալի գործատու է և ունի գրասենյակներ անգամ քաղաքի շրջակայքում։ Մեծ Բրիտանիայի շատ պարբերականներ թողարկվում են Լոնդոնում։ Լոնդոնը հանդիսանում է խոշորագույն մանրածախ կենտրոններից մեկը և ոչ պարենային ապրանքների մանրածախ վաճառքներով առաջին քաղաքն է աշխարհում։ 2010 թվականին ընդհանուր ծախսումները կազմել են £64.2 միլիարդ։ Լոնդոնի նավահանգիստը երկրորդ խոշորագույնն է Մեծ Բրիտանիայում, որը յուրաքանչյուր տարի ընդունում է 45 միլիոն տոննա բեռ։

Լոնդոնում կան հինգ հիմնական բիզնես շրջաններ` Սիթին, Վեսթմինսթերը, Կանարի Վարֆը, Կամդեն ու Իսլինգթոն և Լամբեթ ու Սաութվարկ։ Միայն մեծ Լոնդոնում կար 27 միլիոն մ2 գրասենյակային տարածք 2011 թվականի դրությամբ, որից Սիթիում` 8 միլիոն մ2։ Լոնդոնում անշարժ գույքի գնաերը ամենաբարձրերից են աշխարհում։

Մեծ քանակությամբ տեխնոլոգիական ընկերություններ են գրանցված Լոնդոնում, հատկապես Արևելյան Լոնդոն Թեք Սիթիում։ 2014 թվականի ապրիլին քաղաքը առաջիններից էր, որը ստացավ geoTLD: 2014 թվականին «Ֆորբս» ամսագիրը Լոնդոնին դասեց որպես աշխարհի ամենաազդեցիկ քաղաք In February 2014 London was ranked as the European City of the Future:

Լոնդոնը աշխարհի ամենաթանկ գրասենյակային շուկա ունեցող քաղաքն է վերջին երեք տարիներին համաձայն զարգացման ամսագրի (2015) հաշվետվության։ 2015 թվականի դրությամբ Լոնդոնի բնակելի տների ընդհանուր արժեքը գնահատվել է $2,2 տրիլիոն, ինչը հավասար է Բրազիլիայի ՀՆԱ-ին։ Համաձայն ազգային վիճակագրական ծառայության տվյալների Լոնդոնում բնակարանները ավելի թանկ են քան որևէ այլ եվրոպական քաղաքում։ Լոնդոնում մեկ քառակուսի բնակելի տարածքի միջին արժեքը €24,252 (ապրիլ 2014)։ Այն ավելի բարձր է քան Մ8 անդամ երների մայրաքաղաքներինը (Բեռլին €3.306, Հռոմ €6.188 և Փարիզ €11.229).

Զբոսաշրջություն

Լոնդոնը խոշորագույն զբոսաշրջական կենտրոններից մեկն է։ 2015 թվականին Լոնդոն է ժամանել ավելի քան 65 միլիոն այցելու, ինչը ամենամեծ ցուցանիշն է աշխարհի բոլոր քաղաքների մեջ։ Լոնդոնը նաև առաջինն է Զբոսաշրջիկների կողմից կատարվեծ ծախսումների մեծությամբ, ինչը 2015 թվականին կազմել է մոտ $20,23 միլիարդ։ Զբոսաշրջությունը Լոնդոնի տնտեսության հիմնական ճյուղերից մեկն է, որի սպասարկման բնագավառում 2003 թվականի դրությամբ ուներ 350.000 աշխատատեղ։

2010 թվականին տասն ամենաշատ վայրերը ըստ այցելության հետևյալն են`

  1. Բրիտանական թանգարան
  2. Թեյթ Մոդեռն
  3. Լոնդոնի ազգային պատկերասրահ
  4. Բնագիտական թանգարան
  5. Կայսերական պատերազմի թանգարան
  6. Գիտության թանգարան
  7. Վիկտորիայի և Ալբերտի թանգարան
  8. Մադամ Տյուսոյի թանգարան
  9. Լոնդոնի ազգային ծովային թանգարան
  10. Թաուեր

Լոնդոնի հյուրանոցային համարների քանակը 2015 թվականի դրությամբ կազմում էին 138.769, ինչը տարիների ընթացքում աճում է։

Տրանսպորտ

Լոնդոնի տրանսպորտը Լոնդոնի քաղաքապետարանի կողմից վերահսկվող չորս հիմնական ճյուղիերից մեկն է, սակայն քաղաքապետը ֆինանսապես չի վերահսկում երկար տարածություն անցնող երկաթուղիները, որոնք մուտք են գործում Լոնդոն։ 2007 թվականին որոշ տեղային երկաթգծեր, որոնք ներկայումս Լոնդոնի վերգետնյա ցանցի մաս են, ավելացվեցին որպեսզի նվազեցնեն Լոնդոնի մետրոյի, տրամվայների և ավտոբուսների ծանրաբեռնվածությունը։ Լոնդոնի հասարակական տրանսպորտը ղեկավարում է Տրանսպորտ Լոնդոնի համար (TfL) ընկերությունը և ամենաընդարձակներից մեկն է աշխարհում։

Ներկայումս Մեծ Լոնդոնի տրանսպորտային ուղիները, տրանսպորտային խնդիրները կարգավորում է Լոնդոնի քաղաքապետը։

Ավիացիա

Լոնդոնը միջազգային ավիաուղիների գլխավոր խաչմերուկն է աշխարհում ամենազբաղված իր օդային տարածքով։ Ութ օդանավակայաններ օգտագործում են Լոնդոն բառը իրենց անվանումում, բայց դրանցից խոշորները վեցն են։ Հիթրոու օդանավակայանը գտնվում է արևմտյան Լոնդոնի Հիլինգդոն բորոյում և Աշխարհի ամենազբաղված օդանավակայանն է, որտեղից չվերթներ են իրականացնում British Airways-ի օդանավերը։ 2008 թվականի մարտին բացվեց վեցերորդ տերմինալը։ Նախագծվում էր կառուցել երրորդ թռիչքուղին և վեցերորդ տերմինալը, սակայն գործընթացը կասեցվեց Բրիտանիայի կառավարության կողմից 2010 թվականի մայիսի 12-ին։

Կարճ տարածություններով էժան չվերթներ է կազմակերպում Գեթվիք օդանավակայանը, որը գտնվում է Լոնդոնի հարավում՝ Արևմտյան Սասեքսում։

Լոնդոնի ստանդարտ օդանավակայանը գտնվում է քաղաքի հյուսիս-արևելքում՝ Էսեքս թաղամասում, այն տեղական չվերթներ է իրականացնում։ Քաղաքի հյուսիսում՝ Բեդֆորշայրում գտնվող օդանավակայանը նույնպես իրականացնում է կարճուղի չվերթներ։ Լոնդոն Սիթի օդանավակայանը քաղաքի ամենափոքր և ամենակենտրոնականն է և տեղակայցած է Նյուհեմ բորոյում, այն մասնագիտացած է գործարար ուղևորների համար։ Լոնդոն Սաութենդ օդանավակայանը գտնվում է քաղաքի արևելյան մասում և հիմնականում սպասարկում է կարճուղի էժան փոխադրումներ։

Երկաթգիծ

Մետրո

Լոնդոնի մետրոն ամենահինն է և երկրորդ ամենաերկրարը աշխարհում։ Համակարգը սպասարկում է 270 կայարան և հիմնվել է մի քանի մասնավոր ընկերությունների կողմից։ Այն հիմնադրվել է 1863 թվականին։

Օրական ավելի քան երեք միլիոն և տարեկան ավելի քան մեկ միլիարդ ուղևոր սպասարկվում է Լոնդոնի մետրոյից։ Մեկ ներդրումային ծրագրի շնորհիվ մոտրոյի արդիականացման համար ծախսվեց £6.5 միլիարդ (€7.7 միլիարդ) Ամառային Օլիմպիական խաղեր 2012-ից առաջ։ 1987 թվականին հիմնվեց Դոքլենդսի թեթև մետրոն, որը սպասարկում է ավելի փոքր վագոններով և իրականացնում է թեթև փոխադրումներ։ Այն սպասարկում է Դոքլենդսը, Գրինվիչը և Լյուսհեմը։

Վերգետնյա երկաթգիծ

Լոնդոնում կան 366 երկաթգծի կայարան, որը հիմնականում սպասարկում է արվարձանների երկաթգծի ցանցը։ Հարավային Լոնդոնում ավելի շատ են երկաթգծերը, քանի որ ներգետնյա ցանցը քիչ է։ Ամենաշատ երկաթգծերը Լոնդոնի կենտրոնական մասում են, որոնք կապում են տասնութ երկաթգծի կայարանները։ Լոնդոնի գնածքները ամենազբաղվածն են ուղևորների քանակով Մեծ Բրիտանիայում։ Կլապհելմ Ջանկշն կայարանը Եվրոպայի ամենազբաղված կայարանն է, գնացծների ընդունմամբ։

Ավել շատ երկաթգծի պահանջարկից ելնելով Կրոսռեյլը կբացվի 2018 թվականին։ Այն կլինի նորագւոյն երկաթգիծ, որը Կանցնի Լոնդոնի արևելքից արևմուտք և կունենա մասնաճյուղ Հիթրոու օդանավակայանում։ Այն Եվրոպայի ամնեախոշոր շինարարական նախագիծն է, որի արժեքը կկազմի £15 միլիարդ։

Ներքաղաքային և միջազգային

Լոնդոնը ազգային երկաթգծի ցանցի կենտրոնն է և գնացքով ճանապարհորդությունների 70 տոկոսը սկսում կամ ավարտվում է Լոնդոնից։ Նրեքաղաքային երկաթգծերի նման, տարածքային և միջազգային գնացքների մեծ մասը կայանում են Լոնդոնի կենտրոնական հատվածում, որոնք կապում են Լոնդոնը Բրիտանիայի մյուս տարածաշրջանների հետ։

Որոշ միջազգային երկաթգծի ծառայություններ 20-րդ դարում սպասարկվում էին հատուկ նավերի օգնությամբ, դեպի Փարիզ, Ամստերդամ և Բրյուսել։ 1994 թվականից, երբ բացվեց Եվրոթունելը, Լոնդոնը ուղղակի կապվեց մայրցամաքային երկաթգծին` թույլ տալով Eurostar-ին ծառայություններ մատուցել։ 2007 թվականից սկսած Սրբ. Պանկաս երկաթգծի կայարանից գերարագ գնացքներով ուղևորները կարող են մեկնել Լիլ, Փարիզ, Բրյուսել և Եվրոպայի շատ քաղաքներ։ Ներքին առաջին գերարագ երթուղին բացվեց 2009 թվականի հունիսին, որի միջոցով Լոնդոնը կապվեց Քենթին։ Նախագծվում է բացել երկրորդ գերարագ ուղին, որը կկապի Լոնդոնը Անգլիայի հյուսիսի և Յորքշիրի հետ։

Ավտոբուսներ և տրամվայներ

Լոնդոնի ավտոբուսային ցանցը խոշորագույններից է աշխարհում. այն աշխատում է 24 ժամ օրվա ընթացքում, ունի մոտ 8.500 ավտոբուս, ավելի քան 700 ավտոբուսային երթուղի և 19.500 ավտոբուսային կայան։ 2013 թվականին ավտոբուսները ունեցել են ավելի քան 2 միլիարդ ուղևոր, ավելի շատ քան մետրոն։ Տարեկան հասույթը կազմում է մոտ £850 միլիոն։ Լոնդոնը ունի ամենաշատ հաշմանդամների սայլակների ուղիների ցանցը աշխարհում և 2007 թվականի երրորդ քառորդից լսողության և տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար դյուրինացվեց ուղևորությունը։ Երկհարկանի կարմիր ավտոբուսները միջազգայնորեն ճանաչված են որպես Լոնդոնի խորհրդանիշ։

Լոնդոնն ունի ժամանակակից տրամվայների ցանց, որը հայտնի է որպես Տրամլինք և կենտրոնացված է Հարավային Լոնդոնի Քրոյդոն թաղամասում։ Ցանցը ունի 39 կայարան և 4 երթուղի, 2013 թվականին ունեցել է28 միլիոն ուղևոր։

Նավահանգիստներ և գետային նավեր

Լոնդոնի նավահանգիստը լինելով աշխարհի խոշորագույն նավահանգիստը` ներկայումս երկրորդն է Մեծ Բրիտանիայում` ընդունելով տարեկան 45 միլիոն տոննա ուղեբեռ։ Ամենածանրաբեռնվածներից է Տիլբուրիի նավահանգիստը, որը գտնվում է Մեծ Լոնդոնի արտաքին սահմանին։

Թեմզա գետի վրա մատուցվում են նավերի ծառայություններ։ Նավերը շարժվում են ամեն 20 րոպեն մեկ Էմբակմենթից դեպի Հյուսիսային Գրինվիչ և սպասարկում է մոտ 2,5 միլիոն ուղևոր ամեն տարի։ Գործում են նաև զբոսաշրջային ծառայություններ, որոնք ծանոթացնում են Լոնդոնի հետ։

Ճանապարհներ

Կենտրոնական Լոնդոնում հիմնական տրանսպորտային միջոցները հասարակական տրանսպորտն է, ավտոմեքենաները ավելի շատ տարածված են արվարձաններում։ Լոնդոնի ներքին ճանապարհային շրջուղին (քաղաքի կենտրոնի շրջանակում), հյուսիսային և հարավային ճանապարհները (արվարձաններում), արտաքին M25 մայրուղին կոչված են քաղաքը խցանումներից զերծ պահելու համար։ M25-ը ամենաերկար շրջուղին է աշխարհում 121.5 կմ երկարությամբ։ A1 և M1 մայրուղիները միացբում են Լոնդոնը Լիդսի, Նյուքասլի և Էդինբուրգի հետ։

M25 մայրուղին ամենազբաղված ուղղությունն է երկրում։ Այստեղ մեքենաների արագությունը ժամում 10.6 կմ է։

2003 թվականից Լոնդոնում սկսվեց ճանապարհների օգտագործման տուրք գանձվել մեքենաներից, որպեսզի իջեցվի ծանրաբեռնվածությունը քաղաքի կենտրոնում։ Քիչ բացառություններով մեքենաների վարորդները ստիպված են օրական £10 վճարել, որպեսզի երթևեկեն քաղաքի հատուկ գոտիներով, հիմնականում քաղաքի կենտրոնով։ Վարորդները, ովքեր այդ հատուկ վայրերի բնակիչներ են, կարող են վճարել անդամավճար ամբողջ երեք ամսվա համար։ Ըստ Լոնդոնի կառավարության՝ վճարովի ճանապարհների ավելացումը կբերի մետրոյից և ավտոբուսներից օգտվողների աճ օրական 20.000 մարդով և մեքենաների նվազում 10-15 տոկոս։ Համաձայն վերջին տարիների վիճակագրության՝ Լոնդոնի կենտրոնում մեքենաների թիվը 195,000-ից նվազել է 125,000 մեքենայի։

Կրթություն

Բարձրագույն կրթություն

Լոնդոնը բարձրագույն կրթության համաշխարհային կենտրոն է համարվում կրթության և հետազոտության բնագավառում` իր 43 համալսարաններով, ինչը ամենամեծ կենտրոնացումն է Եվրոպայում։ Լոնդոնի համալսարաններում սովորում է 110.000 ուսանող, ավելին քան աշխարհի այլ որևէ քաղաքում։ 2014 թվականին PricewaterhouseCoopers-ի հաշվետվությամբ Լոնդոնը ճանաչվեց համաշխարհային բարձրագույն կրթության մայրաքաղաք։

Լոնոնում են գտնվում մեծ թվով առաջատար կրթական հաստատություններ։ Համաձայն QS World University Rankings 2014-2015 տվյալների՝ Կայսերական քոլեջ Լոնդոնը երկրորդն է աշխարհում (որի մեջ մտնում է Քեմբրիջի համալսարանը), Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL) հինգերորդն է և Քինգս կոլեջ Լոնդոնը (KCL)` 16-րդը։ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը ճանաչվել է աշխարհի առաջատար սոցյալական գիտությունների հաստատությունը կրթական և հետազաոտական ոլորտներում։ Լոնդոնի բիզնես դպրոցը համարվում է աշխարհի առաջատար բիզնես դպրոցներից մեկը և 2015 թվականին MBA ծրագիրը համարվել է երկրորդ լավագույնը աշխարհում Financial Times-ի կողմից։ Լոնդոնի համալսարանը մեծագույն համալսարանային ցանցն է Բրիտանիայում։ Այն ներառում է չորս խոշոր համալսարան` Քինգս քոլեջ Լոնդոնը, Մարի թագուհու Լոնդոնի համալսարանը, Արքայական Հոլովեյը և Լոնդոնի համալսարանական քոլեջը և մեծ քանակությամբ փոքր և միջին ուսումնական կենտրոններ, այդ թվում Բիրքբեկ քոլեջը, the Կուրտոյի արվեստի ինստիտուտը, Գոլդսմիթսը, Երաժշտության և թատրոնի Գիդհոլյան դպրոցը, Կրթության ինստիտուտը, Լոնդոնի բիզնես դպրոցը, Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը և այլն։ Լոնդոնի համալսարանի անդամները ունեն իրենց սեփական ընդունող հանձնաժողովը, իսկ դրանցից շատերը ունեն սեփական շրջանավարտների մրցանակները։

Շատ համալսարաններ Լոնդոնում չեն հանդիսանում Լոնդոնի համալսարանի անդամ, օրինակ` Բրունել համալսարանը, Լոնդոնի Սիթի համալսարանը, Լոնդոնի կայսերական քոլեջը, Քինգստոն համալսարանը (ավելի քան 34.000 ուսանողով)։

Լոնդոնում են գտնվում հինգ խոշոր բժշկական դպրոցներ և մեծ թվով ուսուցողական բժշկական հաստատություններ։

Լոնդոնում են գտնվում մեծ թվով բիզնես դպրոցներ, ներառյալ Լոնդոնի բիզնեսի և ֆինանսների դպրոց, Քաս բիզնես դպրոցը, Հալթ միջազգային բիզնես դպրոցը, Լոնդոնի եվրոպական բիզնես դպրոցը, Կայսերական քոլեջի բիզնես դպրոցը և Լոնդոնի բիզնես դպրոցը։

Առաջնային և երկրորդական կրթություն

Լոնդոնի հիմնական առաջնային և երկրորդական պետական դպրոցները և հետագա կրթական քոլեջները վերահսկվում են Լոնդոնի բորոների կողմից։ Լոնդոնում կան նաև մեծ քանակությամբ մասնավո դպրոցներ և քոլեջներ, որոնցից շատերը հին և ճանաչված կրթօջախներ են, օրինակ Լոնդոն Սիթի դպրոցը, Հարոու դպրոցը, Սուրբ Պետրոսի դպրոցը, Համալսարանական քոլեջի դպրոցը, Ջոն Լայոնի դպրոցը և այլն։

Մշակույթ

Ժամանց և հանգիստ

Ժամանցը Լոնդոնի տնտեսության կարևոր բաղադրիչն է, 2003 թվականի տվյալներով Լոնդոնի ժամանցի վայրերը կազմում են Մեծ Բրիտանիայի քառորդ մասը։ Քաղաքը մտնում է աշխարհի խոշորագույն չորս նորաձևության մայրաքաղաքների մեջ և համաձայն պաշտոնական վիճակագրական տվյալների Լոնդոնը աշխարհում երրորդ ամենազբաղվածը կինոարտադրողն է և աշխարհում ունի ամենաշատ թատրոնի հանդիսատեսը։

Լոնդոնի Վեստմինստեր սիթիի Վեստ Էնդ թաղամասում է գտնվում Լեսթեր հրապարակը, որտեղ ներկայացվում են Լոնդոնի և աշխարհի կինոնկարների պրեմիերաները և Պիկադիլի հրապարակը իր հրաշագեղ էլեկտրական գովազդներով։ Լոնդոնի թատրոնների թաղամասը նույնպես այստեղ է, իր բազմաթիվ կինոթատրոններով, սրճարաններով, ակումբներով և ռեստորաններով, ներառյալ քաղաքի Չայնաթաունը (Սոհոյում), որի հենց արևելքում է գտնվում Արքայական օպերայի տունը, որտեղ նաև գտնվում են շատ մասնագիտացած խանութներ։ Սիթիում է ստեղծագործում Էնդրու Լլոյդ Ուեբերը, ում երաժշտական ստեղծագործությունները ծառայում են Վեստ-Էնդ թատրոնի համար դեռևս 20-րդ դարից։ Մեծ Բրիտանիայի Արքայական բալետի, Անգլիայի ազգային պալետի, Արքայական օպերայի և Անգլիայի ազգային օպերայի ներկայացումները տեղի են ունենում Արքայական օպերակի տանը։

Իսլինգտոնի մեկ կիլոմետրանոց վերին փողոցում կան ավելի շատ սրճարաններ և ռեստորաններ, քան Մեծ Բրիտանիայի որևէ այլ փողոցում։ Եվրոպայի ամենազբաղված առևտրի գոտին Օքսֆորդ փողոցն է, որի առևտրի գոտին ձգվում է մոտմեկ կիլոմետր, դարձնելով ամենաերկար առևտրի փողոցը Մեծ Բրիտանիայում։

Լոնդոնում են գտնվում այնպիսի ժամանակակից ձևավորողներ, ինչպիսիք են Վիվյեն Վեստվուդը, Գալիանոն, Ստելա Մակկարտնին, Մանոլո Բլահնիկը և Ջիմմի Չոն և ուրիշներ, ովքեր բացել են բազմաթիվ նորաձևության դպրոցնել, դարձնելով Լոնդոնը միջազգային նորաձևության կենտրոններից մեը Փարիզի, Միլանի և Նյու Յորքի հետ միասին։ Լոնդոնի խոհանոցը բազմատեսակ խոհանոցային մշակույթների միախառնում է։

Քաղաքում կազմակերպվում են բազմաթիվ տարեկան միջոցառումներ, որոնք սկսվում են Նոր տարվա պարադով, հրավառություն է կազմակերպվում Լոնդոնի աչքի վրա։ Երկրորդ խոշորագույն տոնախմբությունները կազմակերպվում են օգոստոսին Նոթինգ Հիլ կառնավալի ժամանակ։

Գրականություն, կինո և հեռուստատեսություն

Լոնդոնում են գրվել մեծ թվով գրականական գլուխգործոցներ։ Լոնդոնի գրականության կենտրոնը ավանդաբար եղել է Համփստիդ և (սկսած 20-րդ դարից) Բլումսբարին։ Քաղաքը իրենց գործերում նկարագրել են Սեմյուել Փիփսը, ով ականատեսի աչքերով պատմել է Լոնդոնի մեծ հրդեհի մասին, Չարլզ Դիքենսը, ով նկարագրել է Լոնդոնի մառախուղը, ամպամածությունը և ձյունը և Վիրջինիա Վուլֆը, ով ժամանակակից գրականության հայտնի դեմքերից է։

Ուիլյամ Շեքսպիրը իր կյանքի մեծ մասը անցկացրել է Լոնդոնում, նրա ընկեր Բենջամին Ջոնսոնը նույնպես ստեղծագործել է Լոնդոնում և նրա ամենանշանավոր գործը` «Ալքիմիկը» գրվել է Լոնդոնում։ Դանիել Դեֆոյի «Ժանտախտի տարվա օրագրում» (1722) նկարագրում են 1665 թվականի Մեծ ժանտախտը։ Հետագայում 19—ից 20-րդ դարերում Լոնդոնի գրականության վառ գործերից էին Դիքենսի վեպերը և Արթուր Կոնան Դոյլի Շեռլոկ Հոլմսի պատմությունները։ Ժամանակակից գրողներից ամենահայտնիներն են Պետեր Ակրոյդը, ով Լոնդոնի «կենսագրության» հեղինակն է և Լեյն Սինքլեյրը, ով գրում է հոկեբանական աշխարհագրություն ժանրում։

Լոնդոնը կինոարտադրության կարևոր կենտրոն է և գլխավոր կինոստուդիաները գտնվում են Սոհոյում։ Working Title Films-ի գլխամասը գտնվում է Լոնդոնում։ Լոնդոնում են նկարահանվել այնպիսի ֆիլմեր ինչպիսիք են Օլիվեր Թվիստը (1948), Սկրուջը (1951), Պիտեր Պենը (1953), 101 դալմատինները (1961), Իմ հիասքանչ լեդին (1964), Մերի Պոպինսը (1964), Նոթինգ Հիլը (1999), Իրական սերը (2003), V նշանակում է Վենդետա (2005), և Թագավորի ելույթը (2010)։ Լոնդոնի նշանավոր դերասաններից և ռեժիսորներից են Չառլի Չապլինը, Ալֆրեդ Հիչքոքը, Մայքլ Քեյնը, Հելեն Միրենը, Գարի Օլդմանը, Քրիստոֆեր Նոլանը, Ջուդ Լոուը, Թոմ Հարդին, Քիրա Նայթլին և Դանիել Դեյ-Լուիսը։ 2008 թվականի դրությամբ Բրիտանական ակադեմիայի կինոմրցանակի արարողությունը տեղի էր ունենում Արքայական օպերայի տանը։ Լոնդոնը հեռուստատեսային արտադրության հիմնական կենտրոնն է, որտեղ գտնվում է ԲիԲիՍի հեռուստատեսային կենտրոնը։

Թանգարաններ և պատկերասրահներ

Լոնդոնում են գտնվում բազմաթիվ թանգարաններ, պատկերասրահներ և այլ հաստատություններ, որոնց շատերի մուտքը անվճար է և զբոսաշրջիկների այցելությունների վայր են, ինչպես նաև ունեն վերլուծական գործառույթներ։ Առաջինը հիմնադրվել է Բրիտանական թանգարանը 1753 թվականում։ Այստեղ ցուցադրված են հնագիտական, բնական պատմության և ազգային գրադարանի նմուշներ։ Թանգարանում ներկայումս հաշվվում է մոտ 7 միլիոն ցուցանմուշ աշխարհի տարբեր անկյուններից։ 1824 թվականին հիմնադրվեց Ազգային պատկերասրահը, որտեղ ցուցադրված են բրիտանական ազգային արևմտյան նկարները։

19-րդ դարի վերջին կեսին Հարավային Քենսինգտոնում զարգացավ "Ալբերտպոլիսը", որպես մշակութային և գիտական անկյուն։ Այստեղ են գտնվում երեք ազգային թանգարանները` Վիկտորիա և Ալբերտ թանգարանը (դեկորատիվ արվեստի համար), Բնական պատմության թանգարանը և Գիտական թանգարանը։ Դիմանկարների ազգային թանգարանը հիմնադրվել է 1856 թվականին, որտեղ ցուցադրվեծ են Բրիտանիայի պատմության նշանավոր անձանց դիմանկարները։ Բրիտանական արվեստի ազգային պատկերասրահն է Թեյթ բրիտանական պատկերասրահը, որը սկզբնական շրջանում հիմնվել է որպես ազգային պատկերասրահի ճյուղ 1897 թվականին։

Երաժշտություն

Լոնդոնը դասական և հանրային երաժշտության գլխավոր մայրաքաղաքներից մեկն է աշխարհում, որտեղ գտնվում են հիմնական երաժշտական ընկերություններ, ինչպիսիք են Warner Music Group-ը։ Քաղաքը ունի մեծ քանակությամբ նվագախմբեր և երաժշտական դահլիճներ, ինչպիսիք են Բարիբիկան արվեստի կենտրոնը (որտեղ ելույթ են ունենում Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը և Լոնդոնի սիմֆոնիկ խոռը), Կադոգան սրահը (Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբ) և Ալբերտ թագավորական սրահ։ Լոնդոնի երկու հիմնական օպերայի տներն են Թագավորական օպերայի տունը և Լոնդոնի Կոլիզեումը։ Մեծ Բրիտանիայի ամենամեծ երգեհոնը գտնվում է Ալբերտ թագավորական սրահում։ Մյուս նշանակալի գործիքները գտնվում են տաճարներում և գլխավոր եկեղեցինորում։ Քաղաքում կան մի քանի կոնսերվատորիաներ, դրանք են` Երաժշտության թագավորական ակադեմիան, Երաժշտության թագավորական քոլեջը, Գիլդհոլի երաժշտության և դրամայի դպրոցը և Տրինթի երաժշտության դպրոցը։

Լոնդոնում տեղի են ունենում մեծ թվով ռոք և փոփ համերգներ, ներառյալ աշխարհի ամենազբաղված ասպարեզում` O2 արենայում և այլ մեծ արենաներ, ինչպիսիք են Էրլս Կորտը, Ուեմբլի արենան, ինչպես նաև շատ միջին չափի ասպարեզներ։ Շատ երաժշտական փառատոներ, ներառյալ Վայրլես փառատոնը և Լավբոքս փառատոնը անցկացվում են Լոնդոնում։ Քաղաքում են բացվել առաջին Ծանր ռոքի սրճարանը Էբի ռոուդ ստուդիան, որտեղ The Beatles-ը ձայնագրել է էր հիթերից շատերը։ 1960-ականներին, 1970-ականներին և 1980ականներին, շատ երաժիշտներ և խմբեր, ինչպիսիք են Էլթոն Ջոնը, Pink Floyd-ը, Դեյվիդ Բոուին, Քուինը, The Kinks-ը, The Rolling Stones-ը, The Who-ն, Էրիկ Կլեպտոնը, Լեդ Զեփելինը, The Small Faces-ը, Iron Maiden-ը, Fleetwood Mac-ը, Էլվիս Կաստելլոն, Քեթ Ստիվենսը, The Police-ը The Cure-ը, Madnessը, The Jam-ը, Դաստի Սպրինֆիլդը, Ֆիլ Քոլինսը, Ռոդ Ստյուարտը և Sade-ը, ստեղծագործել են Լոնդոնում։

Լոնդոնում մեծ զարգացում է ապրել փանկ ռոքը, Sex Pistols-ի, The Clash-ի ջանքերով։ Լոնդոնում են նաև ստեղծագործել Ջորջ Մայքլը, Քեյթ Բուշը, Սիլը, Siouxsie and the Banshees-ը, Bush-ը, Spice Girls-ը, Jamiroquai-ը, Blur-ը, The Prodigy-ը, Gorillaz-ը, Mumford & Sons-ը, Coldplay-ը, Amy Winehouse-ը, Ադելը, Էդ Շիրանը և One Direction-ը։

Այգիներ և բաց գոտիներ

Լոնդոնի ամենամեծ այգիները գտնվում են Կենտրոնական Լոնդոնում, որտեղ ութ Թագավորական այգիներից երեքն էն, այդ թվում Հայդ պարկը, որին հարում են Քենսիգտոնյան այգիները արևմուտքւց և Ռիջենտս պարկը հյուսիսից։ Հայդ պարկը հատկապես հայտնի է սպորտային իրադարձությունների կազմակերպումով և երբեմն բացօթյա համերգների կազմակերպումով։ Ռիջենտս պարկում է գտնվում Լոնդոնի կենդանաբանական այգին, որը աշխարհի ամենահին գիտական կենդանաբանական այգին է և զբոսաշրջիկների սիրված Մադամ Տյուսո թանգարանը։ Փրայմռոզ հիլը գտնվում է Ռիջենտս պարկի հյուսիսում և ճանաչված վայր է քաղաքը վերևից նայելու համար։

Հայդ պարկի մոտ է ավելի փոքր Գրին պարկը և Սրբ, Ջեյմսի պարկը։ Մեծ թվով այգիներ կան կենտրոնից դուրս, այդ թվում Գրինվիչ պարկը հարավ արևելքում, Բուշի պարկը և Ռիչմոնդ պարկը (ամենամեծը) հարավ արևմուտքում։ Հեմփթոն Կորտ պարկը նույնպես թագավորական այգի է։

Ռիչմոնդ պարկի մոտ գտնվում են Կյու այգիները, որտեղ գտնվում է ծաղիկների ամենաշատ հավաքածուն աշխարհում։ 2003 թվականին ՅՈՒՆԵՍԿՈ-յի կողմից այգիները ճանաչվել են Համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Կան նաև բազմաթիվ այգիներ, որոնք վերահսկում են Լոնդոնի բյուրոների խորհուրդները, այդ թվում Վիկտորիա պարկը Իստ Էնդում և Բաթերսի պարկը կենտրոնում։ Լոնդոնում կան մեծ թվով կիսա-բնական բաց գոտիներ, այդ թվում Համպստեդ Հիթը Հյուսիսային Լոնդոնում և Էփինգ անտառը 2,476 տարածքով արևելքում։ Երկուսն էլ վերահսկվում են Լոնդոն Սիթի կորպորացիայի կողմից։ Համպստեդ Հիթում է գտնվում Կենվուդ հաուսը, որը նախկին ճանաչված վայր է ամառային ամիսներին հավաքույթների համար։

Սպորտ

Լոնդոնում են տեղի ունեցել Ամառային օլիմպիական խաղերը երեք անգամ` 1908, 1948 և 2012 թվականներին։ Այն միակ քաղաքն է, որը ընդունել է Օլիմպիական խաղերը երեք անգամ։ Քաղաքը նաև ընդունել է Բրիտանական կայսրության խաղերը 1934 թվականին։ 2017 թվականին Լոնդոնը կընդունի Աթլետիկայի աշխարհի առաջնությունը։

Լոնդոնի ամենատարածված սպորտաձևը ֆուտբոլը և այն ունի տասնչորս ֆուտբոլային ակումբ, այդ թվում Պրեմիեր Լիգայից Արսենալը, Չելսին, Քրիսթալ Փելասը, Տոտտենհեմ Հոտսպուրը և Վեստ Հեմ Յունայթեդը։ Մյուս պրոֆեսիոնալ ակումբներից են Ֆուլհեմը, Քուինս Պարկ Ռեյնջերսը, Բրենդֆորդը, Միլվոլը, Չառլտոն Ատլետիկը, Ուիմբիլդոն ՖԱ-ն, Բարնետը և Լեյթոն Օրիենտ։ Այս ակումբներից միայն Արսենալը, Չելսին և Տոտտենհեմն են դարձել Անգրիայի չեմպիոն։

1924 թվականից սկզբնական Ուեմբլի մարզադաշտը Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի տան դաշտն էր։ Այստեղ են կայացել 1966 թվականի ՖԻՖԱ աշխարհի գավաթի եզրափակիչը, որի ժամանակ Անգլիան հաղթեց Արևմտյան Գերմանիային և համարվում է Ֆուտբոլի Անգլիայի գավաթի անցկացման վայրը։ Նոր Ուեմբլի մարզադաշտը նույն ծառայությունն է մատուցում և ունի մոտ 90.000 նստատեղ։

Լոնդոնի մյուս ճանաչված սպորտաձևը թենիսն է։ Այստեղ է անցկացվում ամենամյա Մեծ Սաղավարտի չորս հիմնական մրցաշարերից մեկը` Ուիմբլդոնի մրցաշար Լոնդոնի հարավ արևմտյան մասում։ Այն անցկացվում է հունիսի վերջից հուլիսի սկզբները և համարվում է աշխարհի ամենահին թենիսի մրցաշարերից մեկը։

Հայերը Լոնդոնում

Լոնդոնում առաջին հայ առևտրականները երևացել են դեռևս 13-րդ դարում։ 19-րդ դարի 30-ական թթ. Լոնդոնում բնակություն են հաստատել մի խումբ պոլսահայ վաճառականներ, որոնք և հիմնել են հայ համայնքը։ Հետագայում համայնքը ստվարացելէ Հնդկաստանից, Իրանից, Լիբանանից, Եգիպտոսից, Սիրիայից, Իրաքից, Թուրքիայից և այլ երկրներից տեղափոխված հայերի հաշվին։ Լոնդոնում առաջին վարձու մատուռը բացվել է 1885-ին։ 1922-ին կառուցվել է Սուրբ Սարգիս եկեղեցին։ Գործում է նաև Սուրբ Եղիշե (նախկինում՝ Սուրբ Պետրոս) եկեղեցին։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին լոնդոնահայ համայնքն ապրել է ազգային աշխույժ կյանքով։ 1880-90-ական թթ. Լոնդոնը դարձել է համիդյան բռնապետության դեմ հայերի ծավալած պայքարի գաղափարական կենտրոն, որտեղ հավաքվել են հայ գործիչներ Արփիար Արփիարյանը, Հարություն Ճանկյուլյանը, Գ. Չիթչյանը և ուրիշներ։ 1889-ին հասարակական գործիչ, բանաստեղծ Մինաս Չերազը Լոնդոնում հրատարակել է «Լ’Արմենի» գրական, քաղաքական թերթը, իսկ 1890-ին Լոնդոնի Քինգս քոլեջում հիմնել ու ղեկավարել է հայերենի ամբիոն։ 1918-20-ական թթ. Լոնդոնում գործել է Ազգային բյուրո անունով մարմին՝ վիպասան Րաֆֆու որդու՝ Արամ Րաֆֆու ղեկավարությամբ. այն քաղաքական-քարոզչական աշխատանքներ է կատարել ի նպաստ Հայաստանի և Հայկական հարցի։ Ազգային բյուրոյի կազմում էին ազգային գործիչներ Պողոս Նուբար փաշան, Արշակ Սաֆրաստյանը, Զապել Պոյաճյանը և ուրիշներ։

1920-ական թթ. Լոնդոնում ապրում էր շուրջ 400 հայ։ Հայ համայնքը սկսել է ստվարանալ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Հնդկաստանից, Կիպրոսից, Լիբանանից, Իրանից և Իրաքից գաղթած հայերի հաշվին։ Ազգային կյանքը կազմակերպելու համար 1947-ին հիմնվել է Լոնդոնի հայ համայնական խորհուրդը, որը գործել է մինչև 1968-ը։

2003 թվականի տվյալներով Լոնդոնում բնակվում է շուրջ 12 հազար հայ։ Գործում են Գևորգ Թահթայան կիրակնօրյա ազգային վարժարանը և մեկօրյա այլ դպրոցներ, ՀԲԸՄ Լոնդոնի մասնաճյուղը, Լոնդոնի հայ երիտասարդաց միությունը, ՀՕՄ-ի Լոնդոնի մասնաճյուղը, Հայ տունը, հայ քաղաքական կուսակցություններն ու նրանց մշակութային, կրթական և մարզական կառույցները, «Միհրան Տամատյան» ակումբը, «Անահիտ» տիկնանց միությունը, Հայկական տեղեկատվության և խորհրդի կենտրոնը։ Լոնդոնում լույս է տեսել շուրջ 11 անուն հայկական պարբերական։

Քույր քաղաքներ

Նշումներ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Ackroyd, Peter (2001). London: The Biography. London: Vintage. էջ 880. ISBN 978-0-09-942258-7.
  • Mills, David (2001). Dictionary of London Place Names. Oxford Paperbacks. ISBN 978-0-19-280106-7. OCLC 45406491.

Արտաքին հղումներ

  • London.gov.uk – Մեծ Լոնդոնի կառավարություն
  • VisitLondon.com – Լոնդոնի զբոսաշրջության պաշտոնական կայք
  • Լոնդոնի տրանսպորտ (TfL) – քաղաքի տրանսպորտի ղեկավարություն
  • Լոնդոնի թանգարան
  • Լոնդոնը Բրիտանական առցանց պատմության կայքում
  • Վաղ ժամանակակից Լոնդոնի քարտեզ

Text submitted to CC-BY-SA license. Source: Լոնդոն by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité

Non trouvé