Aller au contenu principal

Գարեջրային ջրհեղեղ


Գարեջրային ջրհեղեղ


Գարեջրային ջրհեղեղ, ջրհեղեղ 1814 թվականի հոկտեմբերի 17-ին Լոնդոնի Սուրբ Էգիդի ծխական համայնքում։ Թոթենհեմ Քորթ Ռոուդ փողոցի վրա գտնվող «Մո ընդ Քոմփանի Բրյուերի» գարեջրագործարանում պայթեց 610 հզ լիտր տարողությամբ մի ցիստեռն, որն առաջացրեց շենքում մնացած բաքերի շղթայական ոչնչացումը։ Արդյունքում գրեթե 1.5 մլն լիտր գարեջուր լցվեց փողոցներ։ Գարեջրի ալիքն ավերեց 2 տուն և «Tavistock Arms» փաբի պատը՝ դրա բեկորների տակ թողնելով բարմենին։

Գարեջրագործարանը տեղակայված էր Սուրբ Էգիդի ծխական համայնքի ետնախորշերի աղքատ տների շրջակայքում, որտեղ ընտանիքներն ապրում էին նկուղային տարածքներում, որոնք արագ լցվում էին գարեջրով։ Արդյունքում զոհվեց 9 մարդ․ 8-ը խեղդվեց, մեկն էլ մահացավ ալկոհոլային թունավորումից։

Որոշ զոհվածների հարազատներ նրանց մարմինները ցուցադրության հանեցին իրենց տներում և հետաքրքրասերներից գումարներ հավաքեցին։ Այդպիսի ցուցադրություններից մեկի ժամանակ այնքան մեծ ամբոխ հավաքվեց, որ հատակը չդիմացավ և ամբոխն ընկավ դեռևս գարեջրով լցված նկուղ։

Պատահարը քննվեց դատարանում, սակայն և՛ դատավորը, և՛ երդվյալները գտան, որ պատահարն առաջացել է անհաղթահարելի ուժի ներգործության արդյունքում, որի համար ոչ ոք չպետք է պատասխանատվություն կրի։ Ընկերությունը գարեջրի կորստի պատճառով ծանր ֆինանսական իրավիճակում հայտնվեց․ ընդ որում վնասի զգալի մասը վճարված հարկերն էին։ Սակայն ձեռնարկատերերը Խորհրդարանի միջոցով հասան վճարված հարկերի փոխհատուցման, որը հնարավորություն տվեց վերջիններիս պահպանել ընկերությունը։

1922 թվականին գարեջրագործարանն ավերեցին։ Նրա վայրում այժմ գտնվում է «Դոմինիոն» թատրոնը։

Տես նաև

  • Լոնդոնի մեծ հրդեհ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • «Beer Flood Claims Nine Souls» by Alan Bellows, Damninteresting.com (անգլ.)
  • «A Brew to a Kill» by Barbara Mikkelson at Snopes.com (անգլ.)

Text submitted to CC-BY-SA license. Source: Գարեջրային ջրհեղեղ by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité

Non trouvé