Aller au contenu principal

Ալհամբրա (թատրոն)


Ալհամբրա (թատրոն)


Ալհամբրա (իսպ.՝ Alhambra, արաբ․՝ قصر الحمراء‎‎ «կարմիր ամրոց» բառից), լոնդոնյան թատրոն։ Հայտնի է եղել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։ Անվանումը ծագում է Գրանադաում գտնվող մավրիտանական Ալհամբրա պալատի անունից։

Ծագում

Ալհամբրայի շենքը կառուցվել է Լեյստեր հրապարակի (անգլ.՝ Leiceter Square) արևելյան մասում, 1852-1853-ական թվականներին։ Ի սկզբանե եղել է «Գիտության և արվեստի պանոպտիկում» և այցելուների համար բացվել է 1854 թվականի մարտի 18-ին, սակայն երկու տարի անց պանոպտիկումը սնանկացել է։ Որոշում է կայացվել տարածք ավելացնել կրկեսի համար, և այն նորից բացվել է 1858 թվականի ապրիլի 3-ին, այս անգամ` Ալհամբրա անվանումով։ Այդ ժամանակների համար շատ մեծ բարձրությամբ (31.7 մ) թատրոնը կառուցվել է նորմավրիտանական ոճով, երկու աշտարակներով ու գմբեթով, Բրէդֆորդոմ գտնվող համանուն թատրոնին նման ճարտարապետությամբ։ Ներսում կար 29 մետր տրամագծով և նույնքան բարձրությամբ ռոտոնդա։ Լեսթր-սքուերի թատրոնի անվանումը հաճախ է փոփոխվել, սակայն հաշվի էր առնվում Գրանադայում գտնվող իսպանական հայտնի Ալհամբրայի հետ ոճական նմանողությունը։ 1864 թվականին կրկեսն ստացել է Ալհամբրա Մյուզիք-հոլ անվանումը։ 1866 և 1881 թվականներին այն վերակառուցվել է։ 1871 թվականից սկսած, արտոնագիր ստանալուց հետո Ալհամբրայում սկսել է ներկայացումներով հանդես գալ նաև ձիերի բալետ։ 1882 թվականի հրդեհից հետո Ալհամբրան վերակառուցվել է ավելի զուսպ ոճով և 1884 թվականին վերսկսել է իր գործունեությունը որպես Ալհամբրա թատրոն։ Հետագա վերակառուցումները տեղի են ունեցել 1888, 1892, 1897 և 1912 թվականներին։ Թատրոնի գոյության ընթացքում դրան տրված անվանումներից են. the Royal Alhambra Palace; Alhambra Theatre of Varieties; Theatre Royal, Alhambra; Great United States Circus and New Alhambra Theatre:

Ներկայացումներ

Ալհամբրա թատրոնը մեծապես օգտագործվել է հայտնի զվարճանքների համար և որպես երաժշտասրահ։ Ներկայացումները ցուցադրվում էին սովորական երաժշտական դահլիճում, որտեղ 1861 թվականին իր առաջնախաղն է խաղացել Ժյուլ Լոտարը` այցելուների գլխավերևում թռիչք կատարելով։ Որոշ ներկայացումներ «հայրենասիրական ելույթներ» էին, որոնք գովաբանում էին Բրիտանական կայսրությունը և բրիտանացի զինվորականների հաջողությունները։ Թատրոնը նաև ցուցադրում էր բալետ և թեթև օպերա։ 1860-ական թվականների Ջոն Հոլինգսհեդն սկսել է ղեկավարել Ալհամբրան ու մեծ ճանաչում է ձեռք բերել կորդեբալետի իր ճոխ բեմադրությամբ։ Ալհամբրա թատրոնում «Փարիզյան գաղութ» խմբի կողմից ներկայացված կանկանն այնքան սադրիչ է եղել, որ 1870 թվականին Ալհամբրան զրկվել է պարային արտոնագրից։ Վաղ ֆիլմերը ևս ներկայացման մաս էին։ Հայտնի են ֆիլմեր, որոնք ցուցադրում էին ծաղրանկարիչ Թոմ Մերին գերմանական կայսր Վիլհելմ IIի և իշխան Օտո Ֆոն Բիսմարկի ծաղրանկարները պատկերելիս։ 1897 թվականի մայիսին Ալհամբրա թատրոնում կայացել է Արթուր Սալիվանի «Վիկտորիա և ուրախ Անգլիա» բալետի առաջնախաղը, որը գրվել է բրիտանացի թագուհի Վիկտորիայի հոբելյանի առթիվ։ Այդ բալետը ցուցադրվել է վեց ամիս, ինչը մեծ հաջողություն էր համարվում։ Բալետի վեց տեսարան ներկայացնում են Անգլիայի պատմությունն ու մշակույթն ամբողջությամբ, իսկ հուժկու ավարտը` Վիկտորյական դարաշրջանը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թատրոնում ցուցադրվել են մի շարք ռևյուներ, որոնք մեծ հաջողություն են ունեցել։ Ինչպես և շատ այլ թատրոններ, Ալհամբրան անկում է ապրել Առաջին աշխարհամարտից հետո` կինոյի ու ռադիոյի տարածման պատճառով։ Շենքը քանդվել է 1936 թվականին՝ լոնդոնյան մեծ Odeon Leicester Square կինոթատրոնին տեղ հատկացնելու համար, որը կառուցվել է 1937 թվականին և այժմ էլ գործում է։

Նշումներ

Անցյալում և հիմա հաշվվում են ավելի քան 10 Ալհամբրա անվանումով թատրոններ, սակայն նրանց ամբողջական ցանկը դեռ կազմված չէ։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Jacobs, Arthur Arthur Sullivan: A Victorian Musician. — Oxford University Press, 1984. — ISBN 0-19-315443-9

Text submitted to CC-BY-SA license. Source: Ալհամբրա (թատրոն) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé