Aller au contenu principal

Կարնարվոն (ամրոց)


Կարնարվոն (ամրոց)


Կարնարվոն (անգլ.՝ Caernarfon Castle), միջնադարյան ամրոց, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի Գվինեդ թագավորությունում, Ուելսում, Կարնվարոն քաղաքում։ 11-րդ դարի վերջից մինչև 1283 թվականը ժամանակակից ամրոցի տեղում տեղակայված էր նորմանյան տիպի փայտե ամրոց (անգլ.՝ motte-and-bailey): 1283 թվականին Անգլիայի թագավոր Էդուարդ I-ի ղեկավարությամբ հին, փայտե ամրոցի տեղում սկսել են կառուցել նոր՝ քարե ամրոց։ Ամրոցը կառուցվել է որպես Էդուարդ I-ի մասշտաբային ծրագրի մաս՝ Ուելսում անգլիական ազդեցությունը ուժեղացնելու համար, որի ընթացքում ստեղծվել են այլ ամրոցներ (Բոմարիս, Կոնվի, Հարլեք), ինչպես նաև հիմնադրվել են նոր քաղաքներ (Ֆլինտ, Աբերիստուիտ, Ռիդլան)։ Ամրոցը 13-14-րդ դարերի Արևմտյան Եվրոպայի ռազմական ճարտարապետության հիանալի օրինակ է։

Պատմություն

Հռոմեական կայսրություն

Առաջին ամրոցներն այդ տարածքում կառուցվել է հռոմեացիների կողմից։ Նրանց ռազմական բնակավայրը (լատին․՝ kastrum), որը նրանք անվանում էին Սեգոնցիա (լատին․՝  Segontium), գտնվում էր ժամանակակից Կարնարվոնի ծայրամասում։ Բնակավայրը գտնվում էր Սենթ գետի ափին, որը հոսում է դեպի Մենայի նեղուցը։ Կարնարվոն քաղաքի անվանումն առաջացել է հռոմեական բնակավայրից։ Ուելսերեն լեզվով այդ վայրը հայտնի էր որպես «the stronghold in the land over against Môn», որը նշանակում է «ամրություն Մոն կղզու դիմաց»։ Մոնը Անգլիսի կղզու ուելսերեն անունն է։ Հռոմեացիները Բրիտանիայից հեռացան մ.թ. 5-րդ դարի սկզբին։ Սեգոնցիայի մասին բավականին քիչ բան է հայտնի։

Նորմանների նվաճումներ

1066 թվականին Նորմանդիայի դուքս Վիլհելմը ներխուժել է Անգլիա։ Գրավելով Անգլիան՝ Վիլհելմը որոշել է նվաճել ուելսական հողերը։ Ըստ «Domesday Book»-ի, 1086 թվականին Վիլհելմը Ուելսի փոխարքա նշանակել է Ռոբերտ Ռուդլանացուն, որը երկու տարի անց սպանվել է ուելսացիների կողմից։ Նրա զարմիկ կոմս Չեստերը՝ Հուգո դե Ավրանշը, կարողացավ վերականգնել վերահսկողությունը Ուելսի վրա և կառուցել է երեք ամրոց՝ մեկը Մարիոնեթշիրում, երկրորդը՝ Անգլիսի կղզուում, երրորդը՝ Կարնարվոնում։ Կարնարվոն ամրոցը տեղակայված էր Սենթ գետի կողմից ձևավորված և Անգլիսի կղզուց Մենայի նեղուցով առանձնացված հրվանդանի վրա։ Այն նորմանյան տիպի ամրոց էր (անգլ.՝ անգլերենmotte-and-bailey), որը գտնվում էր բլրի վրա և պաշտպանվում էր փայտե ցանկապատով։ Այդ բլուրը (անգլ.՝ Motte) հետագայում օգտագործվել է Էդուարդ I-ի կողմից քարե ամրոցի կառուցման մեջ. բնակելի և ֆերմերային շինությունների (անգլ.՝ bailey) ճշգրիտ գտնվելու վայրն անհայտ է։ Հավանաբար, դրանք ամրոցի հյուսիս-արևելքում էին.: Ենթադրվում է, որ բլրի վրա գտնվում էր փայտե պաշտպանական աշտարակ (անգլ.՝ Keep): 1115 թվականին ուելսացիները նորից վերականգնել են իրենց իշխանությունը Գվինեդի նկատմամբ։ Ամրոցն անցել է Ուելսի իշխանների տիրապետության տակ։ Այդ դարաշրջանի փաստաթղթերից հայտնի է, որ Լիվելին Մեծը և Լիվելին Վերջինը կանգ են առել այդ ամրոցում։

Էդուարդ I-ի ամրոց

1282 թվականի մարտի 22-ին սկսվել է հերթական պատերազմը Անգլիայի և Ուելսի միջև։ Նույն թվականի դեկտեմբերի 11-ին սպանվել է Ուելսի արքայազն Լիվելին ապ Գրիֆիդը։ Դավիթ ապ Գրիֆիդը՝ Լիվելինի կրտսեր եղբայրը, մնալով անօգնական, շարունակել է կռվել Անգլիայի դեմ, բայց հաջողության չհասավ։ 1283 թվականի մայիսին ընկավ Դավիթի վերջին ամրոցը՝ Դոլբադարնը, նույն տարվա հունիսին Դավիթը գերեվարվեց, իսկ ավելի ուշ դաժանորեն մահապատժի ենթարկվեց։

Դավիթը Ուելսի ոչ անգլիացի վերջին իշխանն էր։ Պատերազմում Ուելսի պարտությունից հետո Անգլիայի գահաժառանգները սկսել են կրել Ուելսի արքայազնի տիտղոսը՝ սկսած Էդուարդ II-ից (որը տիտղոսը ստացավ 1301 թվականին)՝ Էդուարդ I-ի որդին, ով ծնվել է 1284 թվականի ապրիլին Կարնարվոն ամրոցում։

Պատերազմում հաղթելուց հետո, Էդուարդ I-ն սկսել է ուժեղացնել Անգլիայի ազդեցությունը Ուելսի վրա։ Բացի Կարնարվոնի ամրոցը, Էդուարդը սկսել է Կոնվի և Հարլեք ամրոցների կառուցումը։ Ամրոցը կառուցվել է վարպետ Ջեյմս Սենտ Ջորջացու` այդ ժամանակվա ականավոր ռազմական ճարտարապետի կողմից։ «Պատմության ծաղիկներ» (լատին․՝ Flores Historiarum) ժամանակագրության համաձայն՝ Կարնարվոն քաղաքում կատարված շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է Հռոմեական կայսր Մագնա Մաքսիմի դին, որը վերահուղարկավորվել է տեղի եկեղեցում։

Ամրոցից բացի, փոխվել է նաև քաղաքը. ավելացվել են քաղաքային պատերը, որոնք միացան ամրոցին, կառուցվել է նոր նավահանգիստ։ Կարնարվոնի շինարարության առաջին հիշատակումը թվագրվում է 1283 թվականի հունիսի 24-ին, երբ փորվել էր մի խրամատ, որն ամրոցն առանձնացնում էր հյուսիսում տեղակայված քաղաքից։ Ապագա քարե ամրոցի տեղում տեղադրվել էր ժամանակավոր ցանկապատ (լատին․՝ Bregatium), որը պաշտպանում էր այդ վայրը, մինչև ամրոցի պատերի տեղադրումը։ Փայտը ջրային ճանապարհով բերվում էր Լիվերպուլից։ Քարը բերվում էր հարևան Անգլիսի կղզուց։ Հարյուրավոր մարդիկ խրամատ էին փորում՝ հիմք դնելով ապագա ամրոցի համար։ Ամրոցի շինհրապարակն ավելի էր մեծացել և ընդգրկել էր նաև քաղաքը, որի արդյունքում ավերվել էին քաղաքի որոշ շինություններ։ Քանդված տների բնակիչները փոխհատուցում էին ստացել միայն երեք տարի անց։ Ամրոցի պարիսպների կառուցմանը զուգահեռ, փայտե բնակարաններ են կառուցվել Էդուարդ I-ի և նրա կնոջ՝ Էլեանոր Կաստիլիացու համար, ովքեր այցելել են Կարնարվոն 1283 թվականի հուլիսի կեսերին և մեկ ամիս մնացել են ամրոցում։

Ճարտարապետության պատմաբան Առնոլդ Թեյլորը կարծում է, որ երբ Էդուարդ I-ը և նրա կինը՝ Էլեանորը, 1284 թվականին Զատկի տոնին այցելել են Կարնարվոն, Արծիվի աշտարակը (անգլ.՝ Eagle Tower) արդեն կառուցվել էր։ Ուելսի արձանը, որը տեղադրվել է Ռիդլանում 1284 թվականի մարտի 3-ին, նշում է, որ Կարնարվոնին տրված էր քաղաքի և Գվինեդի կոմսության վարչական կենտրոնի իրավունքներ, որն իր ներկայացուցիչներն ուներ խորհրդարանում (անգլ.՝ borough): Հետագայում ամրոցի վրա կատարվել են աննշան շինարարական աշխատանքներ, և այն ինչ մնացել էր ամրոցից, հիմնականում պահպանվել էր Էդուարդ I-ի ժամանակներից։ Չնայած մեծ ծախսերին, ամրոցում նախատեսվել էր կառուցել շատ բան, սակայն մինչև վերջ չի իրականացվել։ Օրինակ՝ Թագավորի դարպասները (մուտքը քաղաքից) և Թագուհու դարպասները (մուտքը հարավարևելյան կողմից) մնացել էին անավարտ։

14-րդ դարից մինչ օրս ընկած ժամանակահատված

Կարնարվոնը, լինելով Հյուսիսային Ուելսի մայրաքաղաք, ուներ մշտական կայազոր։ Էդուարդ I-ի կառավարմանը հաջորդող երկու դարերի ընթացքում ուելսացիների և անգլիացիների հարաբերությունները բավականին լարված էին։ Ուելսացիները հետ մղվել են ամենակարևոր պաշտոններից։ 15-րդ դարի սկզբին լարվածությունը հանգեցրել է ևս մեկ ապստամբության (1400-1415 թվականներ), որը ղեկավարում էր Օուեն Գլինդուրը։ Ապստամբության ընթացքում Կարնարվոն ամրոցը ապստամբների գլխավոր թիրախներից մեկն էր։ Այն պաշարվել է 1401 թվականին։ Այդ տարվա նոյեմբերին ամրոցում (անգլ.՝ Tuthill Battle) տեղի ունեցավ ճակատամարտ կայազորի և ապստամբների միջև՝ ավարտվելով ապարդյուն երկու կողմերի համար։ 1403-1404 թվականներին ամրոցը կրկին պաշարվել է ուելսացիների և նրանց ֆրանսիացի դաշնակիցների կողմից. այն ժամանակ կայազորի թիվը մոտ 30 մարդ էր։

1485 թվականին անգլիական գահին Թյուդորների դինաստիայի միացումը Ուելսի կառավարման մեջ փոփոխություն էր կանխատեսում։ Նրանց տիրապետության ներքո երկու ժողովուրդների միջև թշնամությունը զգալիորեն նվազեց։ Արդյունքում, Ուելսում կառուցված անգլիական ամրոցները, ներառյալ Կարնարվոնը, դադարել են նշանակալից դեր ունենալ Ուելսը Անգլիայի կազմում պահելու գործում և լքվեցին։

Լինելով քարից՝ ամրոցի և աշտարակի պատերը մնում էին լավ վիճակում։ Բայց փայտից պատրաստված ամեն ինչ փչացավ։ Հայտնի է, որ մինչև 1620 թվականը տանիք ունեին միայն Արծիվի աշտարակը և Թագավորի դարպասը (անգլ.՝ King's Gate): Ամրոցի ներսում գտնվող շենքերն ու շինությունները նույնպես անմխիթար վիճակում էին, քանի որ դրանցից հանվել է արժեքավոր ամեն ինչ (ապակի և երկաթ)։ Չնայած իր քայքայված վիճակին, ամրոցը, որը Քաղաքացիական պատերազմի ժամանակ վերահսկում էին արքայականները, երեք անգամ պաշարվել է Խորհրդարանի կողմնակիցների կողմից։ Ամրոցի հրամանատարն էր Ջոն Բայրոնը, 1-ին բարոն Բայրոնը։ 1646 թվականին ամրոցը հանձնվել է Խորհրդարանի զորքերին։ Դրանից հետո Կարնարվոն ամրոցն այլևս չի մասնակցել որևէ պատերազմի։ 1660 թվականին հրաման է տրվել այն ոչնչացնելու համար, բայց ոչնչացման ուղղությամբ աշխատանքն արագորեն ընդհատվել է և հնարավոր է,որ երբեք չի էլ սկսվել։

Ամրոցն անտեսված վիճակում էր մինչև 19-րդ դարի վերջը։ 1870 ականներից սկսած, կառավարությունը սկսել է միջոցներ հատկացնել այն վերականգնելու համար։ Աշխատանքները վերահսկելու պատասխանատվությունը ստանձնել է Լիվելին Թերները։ Վերանորոգվել են աստիճանները, պատերի և աշտարակների ատամները, տանիքները, խրամատը։ 1908 թվականից ստացել է պատմական մեծ նշանակություն ունեցող շինության կարգավիճակ։ 1911 թվականին Կարնարվոնի ամրոցում առաջին անգամ տեղի ունեցավ Էդուարդ VIII-ին Ուելսի արքայազնի կոչում շնորհելու արարողությունը։ 1969 թվականին ամրոցում կոչում ստացավ արքայազն Չարլզը։ Չնայած այն հանգամանքին, որ ամրոցն իր կառուցումից ի վեր եղել է անգլիական թագի սեփականությունը, այն գտնվում է CADW (Ուելսի պատմական հուշարձանների պահպանության կազմակերպման) պաշտպանության տակ։

1986 թվականին ամրոցը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ «Գվինեդում Էդուարդ I թագավորի ամրոցները և դղյակների կազմում»(անգլ.՝ Castles and Town Walls of King Edward I in Gwynedd): Ամրոցում կա Ուելսի թագավորական հրաձիգների թանգարան։

Պատկերասրահ

Տես նաև

  • Բոմարիս դղյակ
  • Էդուարդ I-ի դղյակներն ու ամրոցները հնագույն Գվինեդ թագավորությունում
  • Հարլեք (ամրոց)

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Brown, Reginald Allen The Architecture of Castles: A Visual Guide. — London: B. T. Batsford, 1984. — ISBN 0-7134-4089-9
  • Davies, R. R. The Revolt of Owain Glyn Dŵr. — Oxford: Oxford University Press, 1995. — ISBN 9780198205081
  • Friar, Stephen The Sutton Companion to Castles. — Stroud: Sutton Publishing, 2003. — ISBN 978-0-7509-3994-2
  • McNeill, Tom English Heritage Book of Castles. — London: English Heritage and B. T. Batsford, 1992. — ISBN 0-7134-7025-9
  • Smith, J. B. Llywelyn ap Gruffudd (d. 1282) // Oxford Dictionary of National Biography. — Oxford: Oxford University Press, 2004.
  • Taylor, Arnold The Welsh Castles of Edward I. — London: Hambledon Press, 1986. — ISBN 0-907628-71-0
  • Taylor, Arnold Caernarfon Castle and Town Walls. — 4th edition. — Cardiff: Welsh Historic Monuments, 1997. — ISBN 1-85760-042-8
  • Wilson, David M; Hurst, D Gillian Medieval Britain in 1969(անգլ.) // Medieval Archaeology. — 1970. — Т. 14. — С. 155–208. Архивировано из первоисточника 17 Դեկտեմբերի 2010.
Giuseppe Zanotti Luxury Sneakers

Text submitted to CC-BY-SA license. Source: Կարնարվոն (ամրոց) by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité

Non trouvé