Aller au contenu principal

Մոնա Լիզա


Մոնա Լիզա


Մոնա Լիզա (Ջոկոնդա, անգլ.՝ Mona Lisa, իտալ.՝ La Gioconda, լրիվ անունը՝ Տիկին Լիզա Ջոկոնդայի դիմանկարը, իտալ.՝ Ritratto di Monna Lisa del Giocondo), կերպարվեստի գլուխգործոցներից մեկը, աշխարհի ամենահայտնի գեղանկարչական ստեղծագործություններից մեկը, որը տեսնելու համր տարեկան միլիոնավոր մարդիկ են այցելում թանգարան։ Աշխարհի ամենա շատ կեղծ նմանակումներ ունեցող նկարներից մեկը։

Ենթադրվում է, որ դա ոմն ֆլորենցիացի Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջ՝ Լիզա Գերարդինիի դիմանկարն է, որն ստեղծել է Լեոնարդո դա Վինչին՝ 1503-1507 թվականների միջև։ Մոնա Լիզայի դեմքի առեղծվածային արտահայտությունը գրավել և հրապուրել է միլիոնավոր մարդկանց։ Իսկ նրա ետևի բնապատկերը էլ ավելի խորհրդավորություն է հաղորդում ամբողջ նկարին. այն կարծես թե երևակայության արդյունք է, և ոչ՝ իրական վայր։ Այն ձեռք է բերել Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուա I-ը և ներկայումս հանդիսանում է Ֆրանսիայի Հանրապետության սեփականությունը։ 1797 թվականից պահվում է Փարիզի Լուվր թանգարանում։

Անուն

Այս նկարի «Մոնա Լիզա» անվան ծագումը գալիս է Վերածննդի արվեստի պատմագիր Ջորջո Վազարիից, ով գրում է. «Լեոնարդոն Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի համար ձեռնարկեց նրա կնոջ՝ Մոնա Լիզայի դիմանկարի ստեղծումը»։ «Մոնա» բառը իտալերեն ma donna (թարգմանաբար՝ իմ տիրուհի) դիմելաձևի քնքշացված տարբերակն է։

Պատմություն

Լեոնարդո դա Վինչին «Մոնա Լիզայի» վրա սկսել է աշխատել 1503 կամ 1504 թվականին Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։ 1516 թվականին Ֆրանսուա I թագավորը հրավիրում է Լեոնարդոյին աշխատելու Ամբուազի մոտ գտնվող դղյակում։ Կարծիք կա, որ նա իր հետ վերցրել է «Մոնա Լիզան»՝ նրա վրա Ֆրանսիայում գտնվելու ժամանակ աշխատելու համար և դա արել է մինչև 1517 թվականը։ Նրա մահից հետո այս նկարը մյուս աշխատանքների հետ միասին ժառանգեց իր աշակերտ և օգնական Սալային։ Արքան նկարը գնեց 4000 էքյու վճարելով և պահեց Ֆոնտեբլո պալատում, որտեղ այն մնաց մինչև Լուի XIV-ին հանձնելը։ Լուի XIV-ն այն տեղափոխեց Վերսալի պալատ։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո նկարը տեղափոխվեց Լուվր, սակայն մի կարճ ժամանակ մնալով Տյուիլրի պալատում գտնվող Նապոլեոնի ննջարանում։ Ֆրանս-Պրուսական պատերազմի ընթացքում (1870–1871) այն գտնվել է Բրեստի զինանոցում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նկարը նորից են հանել Լուվրից և տեղափոխել անվտանգ տեղ, սկզբում՝ Շատո դ'Ամբուազ, հետո՝ Լոկ-Դյո աբբայություն և Շատո դը Շամբոր, հետո, ամենավերջում՝ Մոնտոբան քաղաքի թանգարան։ Քսաներորդ դարում նկարը միայն երկու անգամ է հանվել Լուվրից։ 1963 թվականին այն ցուցադրվել է ԱՄՆ-ում, իսկ 1974 թվականին՝ Ճապոնիայում։

Վազարիի նամակը

Համաձայն Ջորջո Վազարիի (1511-1574)` իտալացի նկարիչների կենսագրի, ով Լեոնարդոյի մասին գրել է 1550 թվականին՝ նրա մահից 31 տարի անց, Մոնա Լիզան եղել է ֆլորենտացի Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կինը (իտալ.՝ Francesco del Giocondo), ում դիմանկարի վրա Լեոնարդոն ծախսել է 4 տարի, թողնելով այն անավարտ։

Նկարի գողության պատմություն

«Մոնա Լիզայի» պատմության մեջ եղել է գողության մեկ դեպք։ Այն տեղի է ունեցել 1911 թվականի օգոստոսի 21-ին։ Նկարը հայտնաբերելու համար փակվեցին երկրի սահմանները։ Թանգարանի ղեկավարությունն ազատվեց աշխատանքից։ Կասկածի տակ էին ընկել բանաստեղծ Գիյոմ Ապոլիները, ում նույնիսկ կալանավորեցին, նկարիչ Պաբլո Պիկասոն։ Նկարը գտնվեց միայն երկու տարի անց՝ Իտալիայում։ Պարզվեց, որ գողությունն իրականացրել է Լուվրի աշխատող, հայելիների իտալացի վարպետ Վինչենցո Պերուջան (իտալ.՝ Vincenzo Peruggia)։ Կարծիք կա, որ նրա նպատակն է եղել նկարը պատմական հայրենիք վերադարձնելը, համարելով, որ ֆրանսիացիներն իրենցից են գողացել և մոռանալով, որ Լեոնարդոն ինքն է այն տարել Ֆրանսիա։ Նկարը գտնվեց նույնպես այն գողացողի մեղքով՝ Վինչենցոն պատասխանել էր թերթում տպագրված Ուֆիցիի պատկերասրահի տնօրենի հայտարարությանը և առաջարկել էր վաճառել իր գողացած նկարը։ Գողության համար Պերուջան փոքր ժամկետով բանտ նստեց, չնայած նրան, որ իտալացիները գովում էին հայրենասիրության համար։ Իտալական քաղաքներում ցուցադրվելուց հետո 1914 թ. հունվարի 4-ին Ջոկոնդայի դիմանկարը վերադարձավ Փարիզ։ Այդ ամբողջ ընթացքում «Մոնա Լիզան» պատկերվում էր ամբողջ աշխարհի թերթերի և ամսագրերի երեսներին, փոստային բացիկների վրա և, շնորհիվ դրա, դարձավ պաշտամունքի առարկա ամբողջ աշխարհում։

Վանդալիզմի դեպքեր

1956 թվականին այցելուներից մեկը նկարի վրա ծծմբաթթու լցնելով վնասեց նրա ներքևի մասը, իսկ նույն տարվա դեկտեմբերի 30-ին երիտասարդ բոլիվիացի Ուգո Վիլյեգասը քարով նկարին խփելով վնասեց արմունկի մոտի ներկի շերտը։ Դրանից հետո նկարի պաշտպանության համար այն տեղադրեցին հարվածադիմացկուն ապակու ետևում։ 2009 թվականին ապրիլի 2-ին ֆրանսիական քաղաքացիություն չստացած մի ռուսաստանցի կին ապակու վրա է նետել կավե աման։

Մինչ այդ՝ 1974 թվականի ապրիլին, Տոկիոյում ցուցադրվելու ժամանակ մի կին, վիրավորված լինելով հաշմանդամների հանդեպ թանգարանի վերաբերմունքից, փորձել էր կարմիր ներկ փչել նկարի վրա։ Այս վերջին երկու դեպքերում նկարը չի տուժել։

2022 թվականի մայիսի 30-ին կանացի շորերով մի տղամարդ՝ հաշմանդամի սայլակով մոտեցել և տորթ է նետել կտավի վրա։ Հարձակվողը բղավել է, որ դա անում է «հանուն մոլորակի»։ Պաշտպանիչ ապակու տակ պահված ստեղծագործությունը չի տուժել։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Մոնա Լիզա by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité

Non trouvé