Aller au contenu principal

Սեն Կլու (զբոսայգի)


Սեն Կլու (զբոսայգի)


Սեն Կլու զբոսայգի (ֆր.՝ Parc de Saint-Cloud), ֆրանսիական ամենահանրաճանաչ պարկերից մեկը, պուրակային ճարտարապետության հրաշալի նմուշ, Ֆրանսիայի պատմական իրադարձությունների կիզակետ։ Գտնվում է Օ-դը-Սեն դեպարտամենտում Փարիզից արևմուտք, մայրաքաղաքի անմիջական հարևանությամբ, Սեն Կլու քաղաքի տարածքում։ Կանգուն է 17-րդ դարի վիճակում։

Սեն Կլո զբոսայգին 1923 թվականից սկսած ճանաչվել է որպես Եվրոպայի առավել գեղեցիկ այգիներից մեկը և 2005 թվականին ստացել է «Ուշագրավ այգի» պիտակ։ Տարածքը պատմական հուշարձան է հանդիսանում 1900 թվականից և պետության հոգածության ներքո է գտնվում։

Սեն Կլու ամրոց

Ավելի վաղ զբոսայգու տարածքում տեղակայված է եղել Սեն Կլու շատոն (պալատ-ամրոցը), որը կառուցվել է XVI դարում և ի սկզբանե կառուցված է եղել ֆլորենտացի բանկիրների ընտանիքի` Գոնդիների համար։ Սեն Կլուն եղել է Ֆրանսիայի պատմական կարևոր իրադարձությունների ականատեսը։

Կրոնական պատերազմների ժամանակ, 1589 թվականի օգոստոսի 1-ին միաբան Ժակ Կլեմանը սպանել է Փարիզի պաշարման ժամանակ այստեղ բնակվող Հենրի III-ին։ 1658-1701 թվականներին ամրոցը պատկանել է Լյուդովիկոս XIV -ի եղբորը` Ֆիլիպ Օռլեանցուն։ 1784 թվականին ձեռք է բերել Լյուդովիկոս XVI-ը իր տիկնոջ` Անտուանետի համար։ Նրա օրոք ամրոցը խիստ վերակառուցվել է։

Պուրակի ամառային զբոսայգում է տեղի ունեցել բրյումերի 18 պետական հեղաշրջումը` Հանրապետության VIII տարում (1799)։ Հենց Սեն Կլուում է Նապոլեոնը կայսր հռչակվել 1804 թվականին։ Պրուսիայի հետ պատերազմի ժամանակ ամրոցի տարածքում եղել է գերմանական զորքերի շտաբը և ֆրանսիական հրետանու ռմբակոծությունից ամրոցն այրվել է (1870), իսկ ավելի ուշ (1892) ավերակները ջնջվել են երկրի երեսից։

Զբոսայգի

Սեն Կլու զբոսայգին, որի մակերեսը 460 հա է, իրենից ներկայացնում է փարիզեցիների և Իլ դը Ֆրանսի բնակիչների համար հանգստի սիրված վայր։ Զբոսայգու տարածքում իրականացվում են մի շարք մշակութային միջոցառումներ, այդ թվում` երաժշտական փառատոն և հին մեքենաների ցուցադրւթյուններ։

1999 թվականին առաջացած փոթորիկից լրջորեն վնասվել են զբոսայգու ծառերը և որպես ազգային հարստություն վերականգնվում է պետական միջոցներով։

Պուրակի կառուցվածք

Պուրակը, որին բնորոշ է բարձրությունների մեծ տարբերություններ, բաղկացած է․

  • ֆրանսիական ոճի այգուց, որը նախագծել է Անդրե Լենոտրը
  • անգլիական այգուց (Տրոկադերո պուրակ, որը սկսվել է կառուցվել Լյուդովիկոս XVIII-ի ժամանակ)
  • Մարի Անտուանետի վարդանոցից և այլն։

Զբոսայգու տարածքում գտնվում են մոտ տասը շատրվաններ։ Զբոսայգու վերին մասում բազրիք կա, որից հիանալի տեսարան է բացվում դեպի Փարիզ։

Զբոսայգու տարածքում տեղակայված է Սեն Կլու ամրոցի փոքրիկ թանգարանը, ինչպես նաև Պաստյորի ինստիտուտը։

Սեն Կլու զբոսայգին գրականության և արվեստի մեջ

Սեն Կլու զբոսայգին հիշատակվում է ֆրանսիական գրականության մի շարք ստեղծագործություններում։ Անտուան Ֆրանսուա Պրևոյի «Մեր օրերի հելլենուհու պատմությունը» (Histoire d'une Grecque moderne, 1740) վեպում, որի հերոսները ուղևորվում են Սեն Կլու` խնջույքի, ընթերցողն իմանում է, որ XVIII դարում զբոսայիներն ունեցել են «թեթևաբարո» համբավ։ Զբոսայգին գեղարվեստական նկարագրություն է գտել Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» չորրորդ գլխում.

Զբոսայգին գրավել է բազմաթիվ հայտնի նկարիչների ուշադրությունը։ Տարբեր ժամանակներում այն պատկերել են Ժ. Օ. Ֆրագոնարդը, Ռ. Դյուֆին, Է. Հոփփերը։ Զբոսայգու մի հատված էլ պատկերված է Անրի Ռուսոյի «Սեն Կլու զբոսայգու արահետ» կտավում (1908)։

«Ոչինչ չի համեմատվի քեզ հետ» («Nothing compares 2 U») երգով նկարահանվել է համաշխարհային ճանաչման արժանացած տեսհոլովակ։ Այգին, որտեղ զբոսնում է երգչուհի Շինեադ Օ Կոնորը (Sinéad O ' Connor), Սեն Կլու զբոսայգին է (ֆր. Parc de Saint-Cloud)։ Սեն Կլուն գտնվում է Օ-դը-Սեն դեպարտամենտում Փարիզից արևմուտք, մայրաքաղաքի մերձակայքում, Սեն Կլու քաղաքի տարածքում։

1994 թվականի սեպտեմբերի 26-ին, թողարկվել է Սեն Կլու զբոսայգու ջրվեժի պատկերով փոստային նամականիշ։ 2012 թվականի հունիսի 9-ին թողարկվել է մի նամականիշ, որի վրա պատկերված է Սեն Կլու Մեծ կասկադը և ավազանները։

Հեծանվային սպորտի ծննդավայր

Հեծանվային սպորտի ծննդյան պաշտոնական ամսաթիվը համարվում է 1868 թվականի մայիսի 31-ը, երբ Սեն Կլու  զբոսայգու արահետներում 2 կմ-ոց մրցավազք կազմակերպվեց։ Հարյուր քառասուն տարի անց, 2008 թվականի հունիսի 15-ին, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը, Եվրոպայով հրաժեշտի շրջագայության ժամանակ անձնական հեծանիվով անցել է Սեն Կլու պարկով։

Գործնական խորհուրդներ

  • Սեն Կլու զբոսայգի կարելի է հասնել մետրոյով (9-րդ ուղի, «Pont de Sèvres» կայարան կամ 10-րդ ուղի, կայան «Boulogne - Pont de Saint-Cloud»), մետրոյից հետո ոտքով (Սեն գետի վրայի կամրջով) կամ ավտոբուսով։
  • Զբոսայգու մուտքը հետիոտնի համար անվճար է, ավտոմեքենայով զբոսանքի համար գանձվում է վճար։
  • Աշխատանքային ժամերը տարբեր են` կախված տարվա եղանակից։

Պատկերասրահ

Տես նաև

  • Սեն Կլու (պալատ)
  • Սեն Կլու (քաղաք)
  • Անգլիայի թագուհու ժամանումը Սեն Կլու պալատ (կտավ)
  • Էդուարդ VII

Աղբյուրներ

  • Սեն Կլու զբոսայգու ընկերների կայք (ֆր.)
Collection James Bond 007

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Սեն Կլու (զբոսայգի) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité