Aller au contenu principal

Ահաբեկչություն Նյու Յորքում (2017)


Ահաբեկչություն Նյու Յորքում (2017)


Նյու Յորքի ահաբեկչությունը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 31-ին տեղի ժամանակով մոտ ժամը 15։05-ին, երբ ազգությամբ ուզբեկ 29-ամյա Սայֆուլլո Սաիպովը Ստորին Մանհեթենում փիքափով մեծ արագությամբ դուրս է եկել հեծանվորդների համար նախատեսված ճանապարհ և վթարի ենթարկել անցորդներին։ Հեծանվորդների ճանապարհով անցնելով մոտ 1.5 կմ՝ փիքափը բախվել է դպրոցական ավտոբուսի, որը տեղափոխելուց է եղել հաշմանդամ երեխաների։ Ահաբեկիչը, «Ալլահու Ակբար» գոռալով, դուրս է եկել ավտոմեքենայից․ ոստիկանությունը վիրավորել է վերջինիս որովայնի շրջանում և ձերբակալել։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է 8 մարդ, վնասվածքներ ստացել նվազագույնը 12 անձ, այդ թվում՝ 2 երեխա։

Ահաբեկչություն

2017 թվականի հոկտեմբերի 31-ին ժամը մոտ 14։00-ին Սաիպովը Փասեյք քաղաքում (Նյու Ջերսի, մտնում է Նյու Յորք մերձքաղաքային շրջանի մեջ) ավտոմեքենա է վարձակալել և ժամանել Մանհեթեն։ Ժամը 15։05-ին դուրս է եկել գետի երկայնքով ձգվող հեծանվորդների համար նախատեսված ճանապարհ և վթարի ենթարկել մարդկանց։ Զոհվել է 8 մարդ (այդ թվում՝ 5 զբոսաշրջիկ Արգենտինայից և 1 բելգիացի)։ Անցնելով մոտ 1.5 կմ՝ թեքվել է խաչմերուկից և բախվել դպրոցական ավտոբուսի, որի հետևանքով վնասվածք է ստացել 4 ուղևոր, այդ թվում՝ 2 երեխա։ Բախվելուց հետո նա, «Ալլահու Ակբար» գոռալով, դուրս է եկել ավտոմքենայից։ Ձեռքին ունեցել է փեյնթբոլի և տրավմատիկ զենք։ Ռայան Նեշ անունով մի ոստիկան կրակել է ահաբեկչի վրա՝ վիրավորելով որովայնի շրջանում, որից հետո վերջինիս ձերբակալել են։

Հիվանդանոցում հետաքննիչները հարցաքննել են Սաիպովին։ Հատուկ ծառայությունների աշխատակիցների խոսքերով՝ նա չի զղջացել իր արարքի համար և պարծեցել է, որ հանցագործություն է կատարել։

Հանցագործ

Սայֆուլլո Սաիպովը ԱՄՆ է ներգաղթել 2010 թվականին Տաշքենդից (Ուզբեկստան)։ Սոցիալական կայքերի տվյալներով՝ մինչ ԱՄՆ ժամանելն աշխատել և բնակվել է Օշ (Ղրղզստան) և Վոլոգդա քաղաքներում։ ԱՄՆ է տեղափոխվել գրին քարտ շահելու շնորհիվ։ Սկզբնական շրջանում բնակվել է Օհայոում՝ ծանոթների մոտ։ 2013 թվականին ամուսնացել է ևս Տաշքենդից ներգաղթած մի աղջկա հետ։ Հարսանիքից հետո զույգն ապրել է Օհայոյի Կայահոգա Ֆոլս քաղաքում, որտեղ Սաիպովը գրանցել է փոխադրումներով զբաղվող 2 ընկերություն։ Ավելի ուշ Սաիպովն ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆլորիդա, որտեղ բնակվել է Տամպա քաղաքում։ Վերջին մի քանի ամիսները՝ նախքան ահաբեկչությունը, Սաիպովը բնակվել է Փաթերսոնում (Նյու Ջերսի) և Ուբերում աշխատել որպես վարորդ։ 6 ամիսների ընթացքում սպասարկել է ավելի քան 1400 կանչ։ Ընկերությունից տեղեկացրել են, որ նրանից որևէ բողոք չի եղել։ ԱՄՆ-ում Սաիպովը ոչ մի անգամ ենթարկվել քրեական պատասխանատվության և ունեցել է ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու համար ընդամենը 4 տուգանք։

2015 թվականին Սաիպովին հարցաքննել են Ներքին անվտանգության ծառայության գործակալները, քանի որ նրան նկատել էին 2 անձանց հետ, որոնց հետևում էր ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքը։

Արձագանք

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն շտապ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ տվյալ դեպքն անվանել է «վախկոտ ահաբեկչական գործողություն»։

Նոյեմբերի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է դիտարկել Սաիպովին Գուանտանամոյի բանտ ուղարկելու տարբերակը։ Թրամփը նաև քննադատել է գրին քարտ վիճակահանությունը, որն ավելի վաղ առաջարկել էր չեղարկել։

Ծանոթագրություններ

Collection James Bond 007


Text submitted to CC-BY-SA license. Source: Ահաբեկչություն Նյու Յորքում (2017) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité