Aller au contenu principal

Արտս թատրոն


Արտս թատրոն


Արտս թատրոն (անգլ.՝ Arts Theatre), թատրոն Լոնդոնում՝ Գրեյտ Նյուպորտ փողոցում՝ Վեստմինստերում։ Պատկանում է Վեստ էնդյան թատրոնների շարքին։

Թատրոնի պատմությունը

Արտս թատրոնը բացվել է 1927 թվականի ապրիլի 20-ին հատուկ ակումբի անդամների համար՝ Լորդ Կամերգերի գրաքննությունից խուսափելու համար, ով համարվում էր Մեծ Բրիտանիայի բարձրագույն արարողակարգային պաշտոնյաներից մեկը և պատասխանատու էր երկրում թատերական ներկայացումների գրաքննության համար։

Արտս թատրոնը պատկանում էր այն փոքրաթիվ բրիտանական անկախ թատրոններին, որոնք բեմադրում էին նոր փորձարարական ներկայացումներ, պիեսներ և Վեստ Էնդի այն թատրոններից մեկն էր, որը կոմերցիոն հաջողության բացակայության պատճառով անկենսունակ էր համարվում։ Լոնդոնյան թատերական շրջանակներում այն ժամանակ հայտնի պրոդյուսեր Նորման Մարշալը Արտս թատրոնն անվանում էր «Այլ թատրոն», որին նվիրել էր իր նույնանուն գիրքը 1947 թվականին։

Նոր թատրոնը բացվեց «Պիկնիկ» ռեվյուով, որի հեղինակն էր Հերբերտ Ֆարջոնը՝ մանկական գրող Էլեոնոր Ֆարջոնի եղբայրը։ Ներկայացման պրոդյուսերն էր Հարոլդ Սկոտը, կոմպոզիտորը՝ Բևերլի Նիկոլսը։ Ամենահայտնի ներկայացումը, որը հաջողություն բերեց թատրոնին դա Ջոն վան Դրուտենի «Երիտասարդ Վուդլի» դրաման էր, որը պատմում էր մի աշակերտի մասին, ով սիրահարվել էր իր դպրոցի տնօրենի կնոջը։ Դրաման բեմականացվել էր Արտս թատրոնում 1928 թվականին, այնուհետև, երբ գրաքննական արգելքը հանվեց, տեղափոխվեց Սավոյ թատրոնի խաղացանկ։

1938 թվականի հոկտեմբերի 25-ին Սևել և Լեսլի Ստոկսերը բեմադրում են «Օսկար Ուայլդ» ներկայացումը, որտեղ գլխավոր դերակատարն էր Ֆրենսիս Սալիվանը։ Ներկայացումը նույն օրը բեմադրվում է նաև Բրոդվեյում։

1955 թվականի օգոստոսին 24-ամյա ռեժիսոր Պիտեր Հոլը առաջին անգամ բեմադրում է իռլանդացի գրող Սեմյուել Բեքեթի՝ աբսուրդի թատրոնի հիմնադիրներից մեկի «Գոդոյին սպասելիս» անգլալեզու պիեսը։ Ի սկզբանե պիեսը գրվել էր ֆրանսերեն լեզվով, իսկ հետո հեղինակը այն թարգմանեց անգլերեն։ Այդ պիեսի բեմադրությունը կարևոր շրջադարձային նշանակություն ունեցավ այդ ժամանակվա բրիտանական թատրոնի համար։

1962 թվականի ապրիլ ամսից մինչև 1967 թվականի հունվար ամիսը Արտս թատրոնը կրում էր «Նյու արտս թատրոն» անունը։

1967-1999 թվականներին մանկական Յունիքորն թատրոնն իր հիմնադիր Քերոլ Ջեների գլխավորությամբ ներկայացումներ էր բեմադրում Արտս թատրոնում, իսկ երեկոյան բեմադրվում էին ներկայացումներ մեծահասակների համար՝ այդ թվում նաև Թոմ Ստոպարդի երգիծական կատակերգությունը՝ «Կեղտոտ սպիտակեղենը և Նյու ֆաունդ լենդը» (անգլ.՝ «Dirty Linen and New-Found-Land»):

2000 թվականին թատրոնը 5 տարով վարձով տրվեց բրիտանական և ամերիկյան պրոդյուսերների կոնսորցիումին։ Այդ ժամանակ Արտս թատրոնը վերադարձավ Վեստ Էնդ՝ Ջուլիան Միտչելի «Ուրիշ երկիր» պիեսով։ Բավականին նշանակալի բեմադրություններ էին նաև Իվ Էնսլերի «Հեշտոցի մենախոսությունները», Ջոնաթան Հարվիի և Փեթ Շոփ Բոյզ խմբի «Երկնքին մոտ» մյուզիքլը (անգլ.՝ Closer to Heaven ), որի պրեմիերան տեղի ունեցավ 2001 թվականի մայիսի 31-ին։

Աղբյուրներ

  • Նորման Մարշալ, «Այլ թատրոն», Ջոն Լեման, Լոնդոն, 1947
  • Ջոն Քորթնի Տրևին և Վենդի Տրևին, «Արտս թատրոն», Լոնդոն, 1927-1981
  • Ֆիլիս Հարտնոլ, «The Oxford Companion to the Theatre», Օքսֆորդ, 1983
  • Յան Հերբերտ, «Ով ով է թատրոնում», 17-րդ հրատարակություն

Հղումներ

  • Թատրոնի պաշտոնական կայքը

Text submitted to CC-BY-SA license. Source: Արտս թատրոն by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité