Aller au contenu principal

Սեն Մեդար (եկեղեցի)


Սեն Մեդար (եկեղեցի)


Սեն-Մեդար (ֆր.՝ Église Saint-Médard – Սուրբ Մեդարդի եկեղեցի), կաթոլիկ եկեղեցի Փարիզում։ Գտնվում է Լատինական թաղամասում՝ Մուֆթար փողոցում (V շրջան)։ Պատմական հուշարձան է 1906 թվականից։

Պատմություն

Եկեղեցին գտնվում է Լիոնի հնագույն ճանապարհի և Բիևրա գետակի (ներկայում հոսում է գետնի տակով) հատման վայրում։ Ամենայն հավանականությամբ, Սուրբ Նուայոնցուն նվիրված մատուռն այդտեղ գոյություն է ունեցել 9-րդ դարից։ Ավելի ուշ՝ 1163 թվականին, կառուցվել է Սուրբ Ժնևի աբբայությանը պատկանող համանուն եկեղեցին։

Հաջորդ դարերում եկեղեցին բազմիցս վերակառուցվել է։ 16-րդ դարում աշխատանքներն ընդհատվել են կրոնական պատերազմների պատճառով և վերսկսվել են միայն 1561 թվականին՝ այն բանից հետո, երբ բողոքականները կաթոլիկների դեմ պայքարի ընթացքում թալանել են եկեղեցին։ Նրանց պարտավորեցրել են փոխհատուցել վնասը, և ստացված գումարներն ուղղվել են եկեղեցու վերականգնմանը։

17-րդ դարից սկսած Սեն Մեդար եկեղեցին, որը գտնվում էր Փարիզի Պոր Ռոյալ աբբայությունից ոչ հեռու, սկսել են այցելել յանսենիստներ։ Նրանց թվում են եղել Պիեռ Նիկոլը, Բլեզ Պասկալը և սարկավագ Ֆրանցիսկ Փարիզցին։ 18-րդ դարի սկզբին սարկավագը, որը հայտնի էր իր բարեպաշտությամբ և ասկետիզմով, թաղվել է եկեղեցու մերձակա գերեզմանատանը։ Դրանից կարճ ժամանակ անց նրա գերեզմանի վրա սկսվել են տեղի ունենալ հրաշագործ բուժումներ, որոնք յանսենիստները շտապել են վերագրել հանգուցյալ սարկավագին։ Աղոթողների մոլեռանդությունն այնպիսի սահմանների է հասել, որ նրանք բառացիորեն ջղաձգության մեջ են ընկել՝ էին պառկելով սրբի գերեզմանի վրա, ինչի արդյունքում կոչվել են կոնվուլսիոներներ։ Անկարգությունները դադարեցնելու համար Լյուդովիկոս XV-ը հրամայել է փակել գերեզմանատունը։ Հաջորդ օրը գերեզմանատան դարպասների վրա հայտնվել է կատակով գրված գրություն՝ «De par le Roy, défense à Dieu de faire miracle en ce lieu» («Թագավորի անունով Աստծուն արգելվում է հրաշքներ գործել այս վայրում»)։

18-րդ դարի երկրորդ կեսին եկեղեցու բարեկարգման աշխատանքները շարունակվել են ճարտարապետ Լուի-Ֆրանսուա Պտի-Ռադելի ղեկավարությամբ։ Ֆրանսիական մեծ հեղափոխության շրջանում եկեղեցին բազմիցս փակվել է և վերաբացվել, 10 ամսվա ընթացքում այն հայտարարվել է «Աշխատանքի տաճար»։

19-20-րդ դարերի ընթացքում եկեղեցին ընդլայնվել է և վերականգնվել։ Ներկայումս այն գործող կաթոլիկ տաճար է։ Նախկին գերեզմանոցի տեղում գտնվում է փոքրիկ պուրակ։

Ճարտարապետություն և ինտերիեր

Քանի որ եկեղեցին կառուցումը ձգվել է երկար տարիներ, նրանում համադրված են ուշ գոթական ոճի և Վերածննդի տարրեր։ Միակ նավն ունի հինգ թռիչք, կողքերին տեղակայված են մի շարք կապելլաներ։ Եկեղեցում պահպանվել է XVIII դարի փայտե կամար, չնայած այն ի սկզբանե ստեղծվել էր որպես ժամանակավոր։

Եկեղեցու գլխավոր տեսարժանություններից մեկը Ֆիլիպ դե Շամպանին վերագրվող և մահացած Քրիստոսին պատկերող նկարն է։ Ուշագրավ են նաև ապակենկարները, երգեհոնները և մկրտության ավազանները։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Marcel Brongniart La paroisse Saint-Médard au faubourg Saint-Marceau. — A. et J. Picard, 1951.

Արտաքին հղումներ

  • «Saint-Médard (Paris) — Eglise et cimetière». Tombes-sépultures.com (ֆրանսերեն). Վերցված է 2017-20-10-ին.
  • «Église Saint-Médard» (ֆրանսերեն). Observatoire du patrimoine religieux. Վերցված է 2017-20-10-ին.
Collection James Bond 007

Text submitted to CC-BY-SA license. Source: Սեն Մեդար (եկեղեցի) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé