Aller au contenu principal

Անիտա Ռեե


Անիտա Ռեե


Անիտա Կլարա Ռեե (գերմ.՝ Anita Clara Rée, փետրվարի 9, 1885(1885-02-09)[…], Համբուրգ, Գերմանական կայսրություն - դեկտեմբերի 12, 1933(1933-12-12), Kampen, Landschaft Sylt, Nordfriesland district, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա), հրեական ծագմամբ գերմանացի նկարիչ, ավանգարդիստ և էքսպրեսիոնիստ։

Կյանք և գործունեություն

Անիտա Ռեեն ծնվել է 1885 թվականին, Համբուրգում, հացահատիկային և գաղութային ապրանքների վաճառական Իսրայել Ռեեի և նրա կնոջ՝ Կլարա Խանի ընտանիքում։ Ռեե ընտանիքը ձուլվել է գերմանական հասարակության մեջ, հրաժարվել հուդայականությունից, և աղջիկները մկրտվել են լյութերական եկեղեցում։ Սկսած 1905 թվականից, Անիտան նկարչություն է սովորել համբուրգյան նկարիչ Արթուր Զիբելիստի մոտ։ 1906 թվականին Ռեեն Բեռլինում հանդիպել է հայտնի նկարիչ Մաքս Լիբերմանի հետ, և նա, զգալով աղջկա տաղանդը, համոզել է նրան շարունակել ուսումը։ Մինչև 1910 թվականն Անիտան շարունակել է սովորել Զիբելիստի մոտ, այնուհետև Ֆրանց Նյոլկենի և Ֆրիդրիխ Ալերս-Գեստերմանի հետ համատեղ բացել է «եռյակի համար» գեղարվեստի արվեստանոցը։ Այդ համագործակցությունը երկար չի տևել Անիտայի՝ Նյոլկենի հանդեպ անպատասխան սիրո պատճառով։ 1912-1913 թվականների ձմռանը Անիտան ապրել է Փարիզում և, լինելով Ֆերնանդ Լեգերի աշակերտը, շփվել է նրա շրջապատի հետ։ Անիտա Ռեեի այդ շրջանի ստեղծագործություններում զգացվում է այնպիսի վարպետների ազդեցությունը, ինչպիսիք են Պիկասոն, Սեզանն ու Մատիսը։

Վերադառնալով Համբուրգ՝ Ռեեն 1913 թվականին մասնակցել է Կոմմետեր պատկերասրահի գեղարվեստական ցուցահանդեսին, իսկ 1814 թվականին ծանոթանում է բանաստեղծ Ռիչարդ Դեմելի հետ։ Հետագա տարիներին նա ձեռք է բերում դիմանկարչի համբավ։ 1919 թվականին Անիտան դառնում է «Համբուրգի անջատողականների» արվեստի շարժման հիմնադիրներից մեկը։ 1920 թվականին նա ընդունվում է Համբուրգի նկարիչների ընկերություն (Hamburgische Künstlerschaft): 1921-1925 թվականներին նա հիմնականում ստեղծագործել է Տիրոլում և Իտալիայում, որտեղ շատ է նկարել, իսկ Համբուրգ է մեկնել միայն ցուցահանդեսներին մասնակցելու համար։ Նկարիչ և գրավաճառ Քրիստիան Զելլը դարձել է նրա մտերիմ ընկերը։ Այդ ժամանակահատվածում Անիտան մտերմացել է «Նոր նյութականություն» մշակութային շարժման անդամների հետ։

1926 թվականին Անիտա Ռեեն վերադարձել է Համբուրգ, և նույն թվականին մասնակցել GEDOK-ի՝ «Տարբեր ուղղությունների գերմանացի և ավստրիացի նկարիչների ընկերության» կազմակերպմանը։ Անիտայի ստեղծագործությունների մեծ մասը հավաքել է բարերար Վալերիա Ալպորտը, ով հետագայում իր հավաքածուն նվիրել է Բեռլինի հրեական թանգարանին։ 1929-1931 թվականների ընթացքում Ռեեի ամենանշանավոր գործերը մեծ ֆորմատի որմնանկարներն են եղել Համբուրգի երկու նորակառույց դպրոցներում, որոնց համար նկարիչը ստացել է բազմաթիվ գովասանագրեր։ Այս նկարներից մեկը՝ «Իմաստուն և հիմար օրիորդները», ոչնչացվել է ազգայնական սոցիալիզմի տարիներին։ Մյուսը՝ «Օրփեոսը և կենդանիները», պահպանվել է և այժմ պետության պահպանության տակ գտնվող մշակութային հուշարձան է։

1930 թվականին նկարիչը պատվեր է ստացել Համբուրգի «Անսգար» եկեղեցու խորանի նախագծման համար և պատրաստել դրա համար էսքիզներ, բայց 1932 թվականին այդ պատվերը չեղարկվել է «կրոնական» նկատառումներով։ Այդ նպատակով նկարված կտավները պահվել են Սանկտ Նիկոլաուսի տաճարում և ոչնչացվել են 1943 թվականի ռմբակոծության ընթացքում։

1932 թվականին Անիտա Ռեեն մեկնել է Զիլտ կղզի։ 1933 թվականի ապրիլին, երբ երկրում իշխանության են եկել նացիոնալ-սոցիալիստները, նրան որպես հրեա հեռացրել են Համբուրգի նկարիչների ընկերությունից։ Հետապնդումների, մենակության և իշխանությունների և արվեստի հասարակության կողմից անարժան վիրավորանքների արդյունքում Անիտան ավելի ու ավելի է ընկել դեպրեսիայի մեջ (ինչպես հաղորդվում է իր քրոջ՝ Էմիլիային ուղղված նամակում) և ինքնասպան է եղել 1933 թվականի դեկտեմբերին։

1937 թվականին հայտարարվել է, որ Անիտա Ռեեի աշխատանքները պատկանում են այսպես կոչված «դեգեներատիվ արվեստին», այդ թվում նրա յոթ նկարները, որոնք 1920-ականներին ձեռք է բերել Գուստավ Պաուլին Համբուրգի պատկերասրահի համար, և դրանք հանվել են գեղարվեստական հավաքածուներից։ Թանգարանի տնտեսական մասի ղեկավար Վիլհելմ Վերները դրանց որոշ մասը թաքցրել էր իր տանը և դրանով փրկել ոչնչացումից։ 1945 թվականին՝ պատերազմի ավարտից հետո, նա այդ գործերը վերադարձրել է թանգարանին։ 2011-2012 թվականներին Համբուրգի թանգարանում կայացած գեղարվեստական ցուցահանդեսը նվիրված է եղել Վիլհելմ Վերներին։

1984 թվականին Համբուրգի փողոցներից մեկը կոչվեց նրա անունով` Anita-Rée-Straße:

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Carl Georg Heise: Anita Rée. Christians, Hamburg 1968.
  • Bettina Roggmann: Anita Rée. в: Eva und die Zukunft. Prestel, München 1986. (Ausstellungskatalog Hamburger Kunsthalle)
  • Jutta Dick, Marina Sassenberg (изд.): Jüdische Frauen im 19. und 20. Jahrhundert. Rowohlt, Reinbek 1993, ISBN 3-499-16344-6.
  • Maike Bruhns: Anita Rée. Leben und Werk einer Hamburger Malerin 1885–1933. Verein für Hamburgische Geschichte, Hamburg 2001, ISBN 3-923356-15-3.
  • Maike Bruhns: Jüdische Kunst? Anita Rée und die Neue Sachlichkeit. в: Hamburger Schlüsseldokumente zur deutsch-jüdischen Geschichte, 6. Dezember 2016.
  • Annegret Erhard: Anita Rée. Der Zeit voraus. Eine Hamburger Künstlerin der 20er Jahre. Edition Braus, Berlin 2013, ISBN 978-386228-071-1.

Collection James Bond 007


Text submitted to CC-BY-SA license. Source: Անիտա Ռեե by Wikipedia (Historical)






Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)






Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)






Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)






Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)


Թրեր քարի մեջ (հուշարձան)


Թրեր քարի մեջ (հուշարձան)


Թրեր քարի մեջ (նորվ.՝ Sverd i Fjell), Նորվեգիայի Ռուգլան շրջանի Ստավանգեր քաղաքի մոտ, Հաֆրսֆյորդի Մոլեբուխտի արևելյան կողմում կանգնեցված հուշարձան։

Հուշարձանը կառուցվել է 872 թվականին տեղի ունեցած Հաֆրսֆյորդի ճակատամարտի պատվին, որի արդյունքում Հարալդ I Գեղավարսը դարձել է Նորվեգիայի առաջին թագավորը և ինչը հանդիսանում է Նորվեգիայի հետագա ազգային միավորման խորհրդանիշը։ Հուշարձանը բացվել է 1983 թվականին Նորվեգիայի թագավոր ՕլաՖ V-ը։

Հուշահամալիրը ստեղծել է քանդակագործ Ֆրից Ռյոեդը։ Այն բաղկացած է երեք հսկայական թերից, որոնք ասես խրված լինեն ժայռոտ բլրի մեջ։ Թագերով զարդարված երեք թրերը խորհրդանշում են Նորվեգիայի երեք հիմնական շրջանները՝ հյուսիս, հարավ-արևելք և հարավ-արևմուտք։ Մեկ թուրը, որ ավելի մեծ է քան մյուսները՝ խորհրդանշում է Հարալդ I Գեղավարսի թուրը։

Բացի Հաֆրսֆյորդի ճակատամարտը հիշատակելուց, հուշարձանը նաև խաղաղության խորհրդանիշ է։ Վիկինգները խաղաղ ժամանակ թրերը գետին խրելու սովորույթ են ունեցել, ինչն էլ հիշեցնում է հուշարձանի դիզայնը։ Հուշարձանը Նորվեգիայի ամենակարևոր խորհրդանիշներից մեկն է, ամեն տարի հունիսին նրա տակ անցկացվում են միջոցառումներ վիկինգների պատմությունն ուսումնասիրությամբ խանդավառված անձանց համար։

Թրերի մոտ, ժայռի մեջ փորագրված հուշատախտակը նորվեգերենով տեղեկացնում է հուշարձանի նշանակության ու խորհրդանիշների, հեղինակի և թագավորի կողմից դրա բացման մասին։

Սուլայից Ստավանգեր ձգվող արահետը տանում է դեպի հուշարձան, Սուլայի օդանավակայանից 11 կմ և Ստավանգերի կենտրոնից 6 կմ հեռավորության վրա։ Այսօր այս տարածքը Ստավանգերի բնակիչների համար ամենահայտնի հանգստի վայրերից մեկն է։

Գրականություն

  • Véronique Mignot-Bari, Stavanger und seine Umgebung, Trolls of Norway 2008, ISBN 978-82-92868-08-9, Seite 56(գերմ.)

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Թրեր քարի մեջ (հուշարձան) by Wikipedia (Historical)


Svalbardposten


Svalbardposten


Svalbardposten, Սվալբարդ կղզեխմբի Լոնգյիր բնակավայրում լույս տեսնող նորվեգերեն շաբաթաթերթ է։ Թերթը առաքվում է ուրբաթ օրերին՝ Լոնգյիր, Նյուբյեն, Նյու-Օլեսունն և Սվեագրուվա բնակավայրերի բաժանորդագրված բնակիչների համար։ Svalbardposten աշխարհի ամենահյուսիսային կանոնավոր լույս տեսնող խմբագրությունն է։ 2004 թվականին շաբաթաթերթը ունեցել է 3271 բաժանորդ, որը գերազանցում է Շպիցբերգեն կղզեխմբի ընդհանուր բնակչության թվին։ Թերթի հրատարակչությունը ոչ առևտրային կազմակերպություն է։

Սկզբում Svalbardposten-ը իրենից ներկայացնում էր պատի թերթ, որը կազմված էր ընդամենը չորս էջից։ Այն լույս էր տեսնում սեպտեմբերից մայիս ընկած ժամանակահատվածում և փակցվում էր հանքագործների հանրակացարաններում։ Հիմնական բովանդակությունը հումորային էր, իսկ նորությունների մասին հոդվածները հասցված է նվազագույնի։ 1971 թվականից թերթի խմբագիրը դառնում է Շպիցբերգենի բարեգործական խորհուրդը։ Դրա շնորհիվ թերթը դառնում է ավելի շուրջ, ավելացվում է լուրջ լրագրողական հոդվածներ, մասնագիտական լուսանկարներ և գովազդներ։ Թերթը դուրս է գալիս ամեն երկու շաբաթը մեկ՝ շաբաթ օրերին։ Գլխավոր խմբագրի պաշտոնը դառնում է ընտրողական։ Խմբագիրները ընդունվում են չորս տարի ժամկետով։

Ֆինանսական դժվարությունների արդյունքում 1980-ական թվականների վերջում հրատարակչությունը վերակազմակերպվում է։ Թերթը կրկին սկսեց դուրս գալ ուրբաթ օրերին, բայց այս անգամ արդեն ամբողջ տարվա ընթացքում։ Հրատարակչության պատասխանատվությունը սկսում է կրել Նորվեգիայի Արդարադատության նախարարությունը, իսկ 1992 թվականին՝ Սվալբարդ Պոստ Ֆոնդ ոչ առևտրային կազմակերպությունը։ 1996 թվականին թերթը տպագրվում է ցամաքում և ընդգրկված է «տեղական թերթերի ազգային ասոցիացիայում»։ 1997 թվականի խմբագիրները ստողծել են թերթի ինտերնետ-կայքը։

Խմբագիրները

  • Kjartan Olsen (1948–1949)
  • Thoralv Lund (1949–1950)
  • Alf Sørensen (1950–1951)
  • Arne Aulie (1951–1953)
  • Karl Nusser (1953–1954)
  • Øyvind Haddeland (1954–1955)
  • Hans Engebretsen (1955–1956)
  • C. E. Sollie (1956–1957)
  • Einar Nesje (1957–1958)
  • K. R. Nordbøe (1958–1959)
  • Odd Sverre Knutsen (1959–1960)
  • Alf E. Heggelund (1960–1961)
  • Hans Engebretsen (1961–1964)
  • Svein Jensen (1964–1966)
  • Odd Madsen (1966–1967)
  • Herleiv Alvheim (1967–1971)
  • Erik Gabrielsen (1971–1972)
  • Gudbrand Grøt (1972–1973)
  • Herleiv Alvheim (1973–1976)
  • Bjørn Hansen (1976–1977)
  • Otto Risanger (1977–1978)
  • Lilleba Knudsen (1978)
  • Kristian Hus (1978–1979)
  • Kjetil Anthonsen (1979–1980)
  • Pål Skogmo (1980–1983)
  • Vibjørn Madsen (1983–1984)
  • Svein Haaland (1984–1986)
  • Mette Bleken (1986–1989)
  • Kjetil Anthonsen (1989–1991)
  • Tor Ole Ree (1991–1995)
  • Kjetil Anthonsen (1995–1997)
  • Nils Lorentsen (1997–1999)
  • Arne O. Holm (1999–2002)
  • Torbjørn Pedersen (2002–2004)
  • Birger Amundsen (с 2004)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք(նորվ.)
  • Национальная библиотека: издания газеты(նորվ.)

Text submitted to CC-BY-SA license. Source: Svalbardposten by Wikipedia (Historical)


Լու Անդրեաս-Սալոմե


Լու Անդրեաս-Սալոմե


Լու Անդրեաս-Սալոմե կամ Լու Սալոմե (գերմ.՝ Lou Andreas-Salomé, ծննդյան անունը՝ Լուիզա Գուստավովնա ֆոն Սալոմե, փետրվարի 12, 1861(1861-02-12)[…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 5, 1937(1937-02-05)[…], Գյոթինգեն, Նացիստական Գերմանիա), ռուս-գերմանական ընտանիքում ծնված հոգեվերլուծող, գրող, էսսեիստ, փիլիսոփա։ Ընկերական հարաբերությունների մեջ է եղել Ֆրիդրիխ Նիցշեի, Զիգմունդ Ֆրոյդի և Ռայներ Մարիա Ռիլկեի հետ։

Կենսագրություն

Լու Սալոմեն ծնվել է 1861 թվականի փետրվարի 12-ին Սանկտ Պետերբուրգում։ Նրա հայրը ռուս ազնվական էր, ժառանգական ազնվականությունը 1830 թվականին նրան շնորհել էր Նիկոլայ I-ը։ Գեներալ Գուստավ ֆոն Սալոմեի դուստրն ընտանիքի փոքր երեխան էր և ուներ 5 մեծ եղբայր։ Ինչպես նրա բոլոր եղբայրները, այնպես էլ Լուիզան սովորել է Սանկտ Պետերբուրգի գերմանական հնագույն դպրոցում՝ Պետրիշուլեում (1874-1878)։ 1878 թվականին ընտանիքի հայրը՝ Գուստավ Սալոմեն, մահացել է։ 17-ամյա աղջկա առաջին սերը՝ հոլանդացի պաստոր Գիլոտը, որը դասախոսություններ էր կարդում Սանկտ Պետերբուրգում, «Լուիզա» անունը կրճատել է մինչև «Լու», անուն, որը պետք է հռչակավոր դառնար։ 1880 թվականին Լուն մոր ուղեկցությամբ գնացել է Շվեյցարիա, լսել համալսարանական դասախոսություններ, ինչպես այդ ժամանակաշրջանի ռուս շատ աղջիկներ (այդ շրջանում Ռուսական կայսրությունում աղջիկների համար բարձրագույն կրթություն չի եղել)։

Վատ առողջության պատճառով տեղափոխվել է Հռոմ, որտեղ ընկել է Ջուզեպպե Գարիբալդիի, Վագներիի, Նիցշեի ընկեր, Գերցենի դստեր դաստիարակ Մալվիդա ֆոն Մեյզենբուգի շրջապատը։ Այդ սրահի այցելուներից մեկը՝ Նիցշեի ընկեր, փիլիսոփա Պաուլ Ռեն (Paul Rée), ծանոթացել է Լու Սալոմեի հետ։ Նրանք զգացել են հոգևոր միասնություն։ Աղջիկը Ռեին առաջարկել է ինքնատիպ կոմունայի ստեղծման նախագիծ, որտեղ ներառված կլինեն երկու սեռերի երիտասարդներ, որոնք ցանկանում են շարունակել ուսումը։ Լուն առաջարկել է վարձել տուն, որտեղ յուրաքանչյուրը կունենա իր սենյակը, բայց բոլորը կունենան ընդհանուր հյուրասենյակ։ Ռեին գաղափարը ոգեշնչել է, բայց դեռևս Լուին խնդրել է ամուսնանալ իր հետ։ Աղջիկը հրաժարվել է, նա ցանկացալ է լինել Ռեի միայն ընկերը։ Կոմունայից ոչինչ չի ստացվել։ Նրանք ճանապարհորդել են, այցելել Փարիզ, Բեռլին։

Նիցշեի հետ հարաբերություններ

1882 թվականին Ռեն Սալոմեին ծանոթացրել է իր ընկեր Նիցշեի հետ, որը հմայվել է Լուի և՛ ինտելեկտով, և՛ գեղեցկությամբ։ Ծնունդ է առել նրանց ընկերական «եռամիասնությունը», որն զբաղվել է ինտելեկտուալ զրույցներով, ստեղծագործելով և ճանապարհորդություններով։ Ընդ որում, Նիցշեն նույնպես խնդրել է Լուի ձեռքը և նորից մերժում ստացել։ Նրանց միջև սեռական հարաբերությունների հարցը բավականին երկիմաստ է մնացել։ Մոտավորապես այդ ժամանակ 21-ամյա Սալոմեն լուսանկարվել է Ռեի և Նիցշեի հետ, որոնք բռնել էին սայլակը, որին Լուին մտրակում էր։ Նիշեն ասել է, որ նա իրեն հանդիպած մարդկանցից ամենախելացին է, և ասում են, որ Լուի դիմագծերն օգտագործել է «Այսպես խոսեց Զրադաշտը» վեպում։ Լուի բանաստեղծությունների հիման վրա Նիցշեն գրել է «Կյանքի հիմն» երաժշտական կոմպոզիցիան։ Բայց Նիցշեի քույրը՝ Էլիզաբեթը, կտրուկ ագրեսիվ դիրքորոշում է ցուցաբերել աղջկա հանդեպ, առաջացել է կոնֆլիկտ, և Լուի հետ մնացել է միայն Ռեն։ 18 տարի անց՝ 1900 թվականի օգոստոսի 25-ին, Նիցշեն մահացել է հոգեբուժարանում՝ իր կյանքում երբևէ չամուսնանալով։

1886 թվականին Սալոմեն ծանոթացել է Ֆրիդրիխ Կառլ Անդրեասի (Friedrich Carl Andreas) հետ, որը դասավանդում էր համալսարանում և զբաղվում արևելյան լեզուներով (թուրքերեն, պարսկերեն)։ Ֆրիդրիխ Կառլ Անդրեաս 15 տարով մեծ էր Լուից և անհողդողդ կերպով որոշել էր նրան իր կինը դարձնել։ Իր մտադրությունների լրջությունը ցույց տալու համար նա ինքնասպանության փորձ է արել նրա աչքերի առաջ (կուրծքը դանակ է խրել)։ Երկար մտորելուց հետո Լուն համաձայնվել է ամուսնանալ նրա հետ, բայց մեկ պայմանով. նրանք երբեք սեռական հարաբերություններ չպետք է ունենան։ Միասին ապրած 43 տարվա ընթացքում,ինչպես հաստատում են նրա օրագրերն ու անձնական փաստաթղթերը մանրակրկիտ ուսումնասիրած կենսագիրները, դա երբեք տեղի չի ունեցել։ 1901 թվականին Պաուլ Ռեն մահացել է սարերում, առանց վկաների։ Անհայտ է մնացել՝ դա ինքնասպանություն էր, թե դժբախտ պատահար։

Լուն, այնուամենայնիվ, ինտիմ հարաբերություններ է ունեցել տղամարդու հետ։ Դա Գեորգ Լեդեբուրն էր՝ Գերմանիայում սոցիալ-դեմոկրատական կուսակցության և «Ֆորվարթս» մարքսիստական թերթի հիմնադիրներից մեկը, որն ապագայում եղել է ռայխստագի անդամ։ Նրա հետ Լուն ծանոթացել է 1892 թվականին։ Հոգնելով և՛ ամուսնու (որը փորձում էր ինքնասպան լինել), և՛ սիրեկանի աղմկոտ վիճաբանություններից՝ Լուն հեռացել է երկուսից էլ ու 1894 թվականին մեկնել Փարիզ։ Այնտեղ նրա բազմաթիվ սիրեկաններից մեկն է դարձել գրող Ֆրանկ Վեդեկինդը։ Չնայած ամուսնության բազմաթիվ առաջարկներին՝ Լուն երբեք չի մտածել ամուսնալուծության մասին և միշտ առաջինն է լքել տղամարդկանց։ Նրան գրական գործունեությունը ճանաչում է բերել։

Ռիլկեի հետ հարաբերություններ

1897 թվականին 36-ամյա Սալոմեն ծանոթացել է սկսնակ բանաստեղծ 21-ամյա Ռիլկեի հետ։ Նրան երկու անգամ ուղևորության է տարել Ռուսաստան (1899, 1900), սովորեցրել ռուսերեն, ծանոթացրել Դոստոևսկու և Տոլստոյի պսիխոլոգիզմին։ Ռիլկեն, ինչպես և Լուի մյուս սիրեկաններից շատերը, Լուի և Անդրեասի հետ ապրել է նրանց տանը։ Ռիլկեն նրան նվիրել է բանաստեղծություններ, նրա խորհրդով իր «կանացի» անունը՝ «Ռենե», փոխել է ավելի կոշտ «Ռայներ» անունով, փոխվել է նրա ոճը և գործնականում տարբերվել նրա գրելու ձևից։ Չորս տարի անց Լուն հեռացել է բանաստեղծից, քանի որ Ռիլկեն, ինչպես նրան նախորդած շատ սիրեկաններ, ցանկացել է, որ նա դիմի ամուսնալուծության։ Ռիլկեն ասել է, որ առանց այդ կնոջ նա երբեք չէր կարողանա գտնել իր կյանքի ուղին։ Նրանք ամբողջ կյանքում մնացել են ընկերներ։ Մինչև Ռիլկեի մահը՝ 1926 թվականը, նախկին սիրահարները նամակագրական կապ են ունեցել։

1905 թվականին Լուի ամուսնու՝ Անդրեասի աղախինը, նրանից աղջիկ է ունեցել։ Լուն ապօրինի երեխային թողել է տանը և հոգեվերլուծողի մանրակրկիտությամբ հետևել նրա արձագանքներին։ Մի քանի տարի անց նրան որդեգրել է։ Հենց Մարին էր, որ մահվան մահճում եղել է նրա կողքին։

Հարաբերություններ Ֆրոյդի հետ

1911 թվականին Լուն մասնակցել է Վայմարում անցկացվող Միջազգային հոգեվերլուծական կոնգրեսի աշխատանքներին և ծանոթացել Ֆրոյդի հետ։ Հաջորդ քառորդ դարում նրանք ընկերներ էին։ Ֆրոյդն իրեն բնորոշ նրբազգացությամբ չի հայտարարել Լուի նկատմամբ սեփականատիրական պահանջներ, ինչը և չի հանգեցրել իրեն համար սովորական դարձած տղամարդկանց նկատմամբ հիասթափության։ Ընդ որում, Լուն արդեն 50 տարեկան էր։ Նա տիրապետել է հոգեվերլուծությանը, ընդգրկվել Ֆրոյդի մտերիմ ուսանողների շրջապատի մեջ։ Լու Անդրեաս-Սալոմեի աղմուկ հանած «Էրոտիկա» գիրքը Եվրոպայում ունեցել է 5 վերահրատարակություն։ Աննա Ֆրոյդի հետ համահեղինակությամբ նա ծմտահղացել է երեխաների հոգեբանության վերաբերյալ դասագիրք։ 1914 թվականից սկսել է աշխատել հիվանդների հետ, հանուն ինչի թողել է արձակագրությունը (գրել է մոտ 139 գիտական հոդված)։ Ամուսնու հետ բնակություն հաստատելով Գյոթինգենում՝ նա բացել է հոգեթերապևտիկ պրակտիկա և շատ աշխատել։

Լու Անդրեաս-Սալոմեն մահացել է 1937 թվականին։ Նրա մահից անմիջապես հետո նրա գրադարանը այրվել է նացիստների կողմից։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

  • Լու Անդրեաս-Սալոմեի գործերը Գուտենբերգ նախագծում
  • Friedrich Nietzsche in seinen Werken, Wien, Verlag von Carl Konegen, 1894.
  • Friedrich Nietzsche in seinen Werken, Wien, Verlagsbuchhandlung Carl Konegen, 1911.
  • Лу Андреас-Саломе в «Журнальном зале»
  • Լու Սալոմեն «Մաշկովի գրադարանում»

Collection James Bond 007


Text submitted to CC-BY-SA license. Source: Լու Անդրեաս-Սալոմե by Wikipedia (Historical)






Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)






Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)